Նոր կրթական չափորոշիչները ուսուցիչների շրջանում դժգոհություններ են առաջացրել

Այս տարին դպրոցների համար սկսվեց նոր կրթական չափորոշիչների կիրառմամբ. նոր դասագրքեր, գնահատման ու դասավանդման նոր համակարգ, նախագծային աշխատանքներ և այլն։

Նորարարություններին հաջորդեցին բողոքները. արդեն 2 տարի ավանդական թղթային մատյաններից էլեկտրոնայինի անցած ուսուցիչներն օրերս վրդովված հասել էին Կրթության նախարարություն։ Դժգոհում էին՝ օրը մի նորություն է ավելանում, հիմնականում՝ տեխնիկական` «տանն ինտերնետ չունենք, դպրոցում էլ չենք հասցնում առարկա առ առարկա լրացնել մատյանները»:

Բողոքի ակցիայից հետո Նախարարությունն ընդառաջեց ուսուցիչներին. էլեկտրոնային մատյանները լրացնելու նոր գործիքն, ասացին, թեև կթեթևացներ իրենց աշխատանքը, բայց ոչինչ՝ պարտադիր չեն դարձնի։

Կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանն ասում է՝ փոփոխությունները զարգացող աշխարհում կարևոր են հատկապես կրթության ոլորտում, բայց պետությունը նախ պայմաններ պետք է ապահովի դրանց կատարողների՝ ուսուցիչների համար:

«Երբ որ մտնում ենք դպրոցներ, տեսնում ենք հաճախ, որ դպրոցների համակարգիչների մեծ մասը 10-15 տարվա համակարգիչներ են, որոնք չեն աշխատում, ծրագրային սպասարկում չկա: Մենք նաև վերապատրաստումների ենք մասնակցել և տեսել ենք, որ համակարգչային լսարանում աշխատում է 2 համակարգիչ, մի մասի ստեղնաշարը չկա, մյուս մասը փչացած են, հին են: Նաև Երևանում, այնպես չի, որ սա միայն մարզերի խնդիր է», - ասաց փորձագետը:

Հերմինե Դիլանչյանը Սյունիքի մարզի Ներքին Խնձորեսկի դպրոցի անգլերենի ուսուցիչն է։ Շուրջ 30 աշակերտ, 15 ուսուցիչ ունեն ու ընդամենը 2 համակարգիչ։ «Դրանից ո՞րս օգտվոի», - ասում է՝ նշելով՝ տանն էլ կապի խնդիրներ են ունենում, հեռավոր գյուղ է։ Էլեկտրոնային մատյան լրացնելն, ըստ նրա, խիստ տարբերվում է թղթայինից, պահանջները շատ են, չեն հասցնում, առնվազն 1 ժամ ուշ են տուն գնում, դրան գումարած էլ աշխատավարձն է ցածր, ատեստավորման է դիմել, որ 80 հազար դրամ աշխատավարձը բարձրանա, կես դրուքյով է աշխատում։

«Էդքան ծանրաբեռնվածությունը, որ ուսուցչի ուսերին է, արդյո՞ք ուսուցիչը կարող է այդ բոլոր պահանջները դպրոցում կատարել, որպեսզի կարողանա գնա տուն, էդքանն իրենց նշանակված աշխատաժամանակը, իրենց վճարված գումարը, ամենացածր աշխատավարձը գիտենք, որ դպրոցներում են վճարում: Դրանից հետո էլ 7-րդ ժամ պարապող ուսուցիչն էլ ինչքա՞ն է մնալու, մի էդքան էլ էլեկտրոնային մատյանում գրանցի, մի բան էլ, եթե գրավոր է, ստուգիր կամ աշակերտ ունի, ով մի քիչ հետ է ընկել էդ օրվա դասապրոցեսից, որ ուզում է որպես ուսուցիչ հասցնի: Մինչև 30-40 րոպե հաստատ կտևի», - ներկայացրեց Դիլանչյանը:

Օրերս ԿԳՄՍ հասած ուսուցիչներին լսել ու ընդունել է նախարար Ժաննա Անդրեասյանը։ Արտադպրոցական հաստատությունների բաժինը համակարգող Ստալ Սարդարյանը, որ ներկա է եղել հանդիպմանը, ասաց՝ ուսուցիչները հիմնականում ինֆորմաիցայի պակաս ունեին:

«Բոլոր դպրոցները հագեցված են և չունենք ինտերնետի կամ համակարգչի խնդիր: Իսկ ինչի՞ պետք է ուսուցիչները տանը դա անեն, Աշխատանքային օրենսգրքով սահմանված աշխատաժամանակ կա նախատեսված ուսուցիչների, ինչպես նաև բոլորիս համար, իրենք պարտավոր են դա անել իրենց համար նախատեսված ժամանակահատվածում», - նշեց Սարդարյանը:

Աշխատավարձի բարձրացման առնվազն երկու ծրագիր է այս տարվանից ներդրվել, ասում է պաշտոնյան, այդպիսով չընդունելով պնդումները, թե այս հարցն անտեսված է։ Ամբողջական դրույքաչափ ունեցող ուսուցչի աշխատավարձն, ասաց, 108 հազար դրամից դարձել է 125.000 դրամ։ Կամավոր ատեստավորման տարբերակն էլ է հիշեցնում։

Նորությունների այս հսկայական հոսքից շփոթված ուսուցիչներին մի խթան է հարկավոր, առանց նախապայմանների՝ աշխատավարձի բարձրացում, թեկուզ սիմվոլիկ. կրթության փորձագետի կարծիքն է:

«Նոր գիրք է, պիտի ծանոթանա, նոր չափորոշիչ, նոր պահանջներ, գնահատման համակարգ, այդ դեպքում ճիշտ կլինի, որ ասես, հարգելի ուսուցիչներ, դուք նոր բաներ եք անելու, դրա համար ես բարձրացնում եմ ձեր աշխատավարձը, որովհետև բոլորս էլ գիտենք, որ այս մոտիվացիոն պահերը շատ կարևոր են, և ես կարծում եմ, որ այս դժգոհությունը նաև դրա պատճառով է, որ անընդհատ նոր բաներ են ավելանում, բայց աշխատավարձը չի ավելանում», - ասաց Սերոբ Խաչատրյանը:

«Ազատության» դիտարկմանը՝ բայց ատեստավորում անցած ուսուցիչներինը բարձրանում է, փորձագետը պատասխանեց. - «Այո, բայց ատեստավորումը կամավոր է և բոլորին չի վերաբերում»:

Ուսուցիչն ինքն իր աշխատասիրությամբ ու պատրաստվածությամբ նաև կարող է բարձրացնել իր աշխատավարձը, արձագանքում են Կրթության նախարարությունից ու թվեր հնչեցնում՝ այս պահին 1500 ուսուցիչ ատեստավորվել ու ավելի բարձր աշխատավարձ է ստանում, ևս 6600 ուսուցիչ է դիմել, որ ատեստավորում անցնի։ Մի քանի տասնյակ ուսուցիչ էլ, ըստ նախարարության, 400 հազար դրամից ավելի աշխատավարձ է ստանում։

Սյունեցի ուսուցիչ Հերմինե Դիլանչյանն ասում է՝ ինքն էլ ջանք չի խնայում, որ անգլերենի ատեստավորումն անցնի, բայց դժգոհում է՝ թեստերն այնքան խրթին են, որ իրեն թվում է՝ հատուկենտներին ընտրելու համար են մշակել։