Ռուսաստանի և Հյուսիսային Կորեայի առաջնորդները բանակցում են «Վոստոչնի» տիեզերակայանում

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը «Վոստոչնի» տիեզերակայանում ողջունում է Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընին, 13-ը սեպտեմբերի, 2023թ.

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը հանդիպել և բանակցություններ են վարում Ամուրի մարզի «Վոստոչնի» տիեզերակայանում։ Սպասվում է, որ հանդիպումը կտևի մի քանի ժամ։

Պուտինը հանդիպման վայր էր ժամանել մի քանի րոպե շուտ։ «Ռոսկոսմոս»-ի ղեկավար Յուրի Բորիսովը նախագահի հետ սպասում էր Հյուսիսային Կորեայի առաջնորդին։ Արարողությանը հետևել են ռուս և հյուսիսկորեացի լրագրողներ։

Հանդիպմանը նախատեսվում է ՌԴ փոխվարչապետների, ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի, պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի և տրանսպորտի նախարար Վիտալի Սավելևի մասնակցությունը։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ առաջնորդները կշփվեն պատվիրակությունների մասնակցությամբ, իսկ անհրաժեշտության դեպքում առանձնազրույց կունենան։