Ռուսական կողմը քայլեր է ձեռնարկում՝ Լեռնային Ղարաբաղում հումանիտար բարդ իրավիճակի կարգավորման ուղղությամբ, այս մասին այսօր հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
Նրա խոսքերով՝ այդ քայլերից է՝ «Լաչինի և Աղդամի երթուղիների զուգահեռ ապաշրջափակման սխեման», որն ինչպես ընդգծում է Զախարովան՝ «մշակվել է բոլոր շահագրգիռ կողմերի հետ փոխգործակցությամբ»։ Ռուսաստանցի պաշտոնյան նշել է, որ այդ նախաձեռնությունը ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը ներկայացրել էր հուլիսի 25-ին Մոսկվայում Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարների հետ եռակողմ հանդիպմանը։
«Հաշվի առնելով դիրքորոշումների էական անհամապատասխանությունը, փոխադարձ անվստահության բարձր մակարդակը՝ այս աշխատանքը հեշտ չի ընթացել», - փաստում է ՌԴ ԱԳՆ-ի պաշտոնական ներկայացուցիչը և հավելում, որ որպես առաջին քայլ այսօր ռուսական Կարմիր խաչ կազմակերպության գծով Լեռնային Ղարաբաղ է մատակարարվել մարդասիրական օգնության խմբաքանակ: Այժմ Մոսկվան ակնկալում է, որ Աղդամի երթուղուն զուգահեռ կապաշրջափակվի նաև Լաչինի միջանցքը, հայտարարել է ռուսաստանցի դիվանագետը:
«Ակնկալում ենք, որ հաշվի առնելով նախկինում ձեռք բերված ըմբռնումը՝ առաջիկայում Աղդամի երթուղուն զուգահեռ կապաշրջափակվի նաև Լաչինի միջանցքը, և այնուհետև մարդասիրական օգնությունը կանոնավոր հիմունքներով երկու ուղղություններով էլ անարգել մուտք կգործի տարածաշրջան», - հայտարարել է ՌԴ ԱԳՆ-ի պաշտոնյան՝ հույս հայտնելով, որ այդկերպ Լեռնային Ղարաբաղում հումանիտար իրավիճակը կկայունանա, իսկ տեղի բնակչության բնականոն կենսագործունեությունը կվերականգնվի։
«Դա, իր հերթին, պայմաններ կստեղծի Բաքվի և Ստեփանակերտի միջև երկխոսության մեկնարկի և հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման շուրջ 2020-2022 թվականների բարձր մակարդակով եռակողմ պայմանավորվածությունների ամբողջ համալիրի իրականացման ռիթմիկ աշխատանքի վերսկսման համար», - հայտարարել է Մարիա Զախարովան։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ռուսական մարդասիրական օգնությամբ բեռնատարը հասել է Ստեփանակերտ