Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հավաստիացրել է, որ հայ-ռուսական հարաբերություններում շրջադարձ չկա։
«Չեմ կարծում, թե ինչ-որ շրջադարձ կա։ Մենք տեսնում ենք, հասկանում ենք` ինչ է կատարվում», - ասել է նա Վլադիվոստոկում Արևելյան տնտեսական ֆորումում կազմակերպված քննարկմանը` անդրադառնալով Հայաստանի հետ երկկողմ հարաբերությունների վերջին իրադարձություններին, որոնք հաճախ մեկնաբանվում են որպես ճգնաժամ ու շրջադարձ։
Ղարաբաղյան հակամարտության մասին, Պուտինն ասել է, որ իրավիճակն արմատապես փոխվել է, երբ Հայաստանի իշխանությունները պաշտոնապես ճանաչեցին Բաքվի ինքնիշխանությունը Լեռնային Ղարաբաղի նկատմամբ։
«Եթե Հայաստանն ինքը Ղարաբաղը ճանաչել է Ադրբեջանի մաս, ապա մենք ի՞նչ անենք»,- ասել է նա։
44-օրյա պատերազմի օրերին Պուտինն ինքը հայտարարել էր, որ Լեռնային Ղարաբաղը իրավական առումով Ադրբեջանի մաս է, քանի որ ոչ մեկը, այդ թվում` Հայաստանը չի ճանաչել Ղարաբաղի անկախությունը։
Այսօր Վլադիմիր Պուտինն ընդունել է, որ, այնուամենայնիվ, որոշ հարցեր մնում են չլուծված, այդ թվում` հումանիտար բնույթի հարցերը, Ղարաբաղի հայերի անվտանգության և Ռուսաստանի խաղաղապահների մանդատի հետ կապված խնդիրները։
«Անթույլատրելի է այնտեղ որևէ էթնիկ զտումները», - ընդգծել է Ռուսաստանի նախագահը` հավելելով, - «հույս ունեմ Ադրբեջանի ղեկավարությունը, ինչպես միշտ մեզ ասել են և մինչ հիմա ասում են՝ շահագրգռված չեն որևէ տեսակի էթնիկ զտումներ կատարել։ Ավելին, հետաքրքրված են, որ գործընթացը (հակամարտության կարգավորումը) մեղմ ընթանա»։
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ շփումների մասի Պուտինն ասել է, որ նա մանրամասն նամակ է ուղարկել իրեն։ «Մենք իր հետ շփումների մեջ ենք, Հայաստանի հետ որևէ խնդիր չկա և վարչապետ Փաշինյանի հետ որևէ խնդիր չկա։ Նրա հետ մշտական կապի մեջ ենք»,- ասել է Պուտինը։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ռուսական Կարմիր Խաչի օգնությամբ բեռնատարն Աղդամով հասավ Ստեփանակերտ ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Երևանի ու Մոսկվայի լարված հարաբերությունները նոր շրջափուլ են մտնում