Ադրբեջանը համաձայնել է Լաչինի և Աղդամ-Ստեփանակերտ ճանապարհների միաժամանակյա օգտագործմանը Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ: Այս մասին հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարարության մամուլի քարտուղար Այխան Հաջիզադեն ի պատասխան տեղական լրատվամիջոցների հարցերի։
«Մենք ևս մեկ անգամ հայտարարում ենք, որ ադրբեջանական կողմը պատրաստ է Աղդամ-Խանքենդի [Ստեփանակերտ. - խմբ.] ճանապարհին զուգահեռ ԿԽՄԿ-ի միջնորդությամբ բեռների փոխադրման համար պայմաններ ստեղծել՝ Լաչինի սահմանային անցակետում սահմանային և մաքսային ընթացակարգերի պահպանմամբ», - ասել է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի քարտուղարը:
«Ռուսաստանի Կարմիր Խաչի ընկերության կողմից Ադրբեջանի հետ համակարգմամբ բեռների տեղափոխումը Աղդամ-Խանքենդի ճանապարհով մենք համարում ենք դրական քայլ և կարևոր առաջընթաց այդ ճանապարհը բացելու ուղղությամբ», - հայտարարել է Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչությունը։
Այսօր ավելի վաղ հաղորդվեց, որ ռուսաստանյան Կարմիր Խաչի մարդասիրական օգնությամբ բեռնատարն Աղդամով հասել է Ստեփանակերտ։
Անցած շաբաթվա վերջին Արցախի իշխանությունները որոշեցին թույլ տալ Աղդամով ռուսական բեռների մուտքը Լեռնային Ղարաբաղ։
Արցախի տեղեկատվական շտաբը հաղորդում էր, որ միաժամանակ ձեռք է բերվել պայմանավորվածություն, համաձայն որի՝ Լաչինի միջանցքով վերականգնվելու են հումանիտար բեռնափոխադրումները ռուս խաղաղապահների ու Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի կողմից: Սրան հետևեց ադրբեջանական արձագանքը, թե ռուսականի բեռի մուտքը Ստեփանակերտ առանձին պայմանավորվածություն է, չշփոթել Աղդամն ու Լաչինը միաժամանակ բացելու առաջարկի հետ:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ռուսական Կարմիր Խաչի օգնությամբ բեռնատարն Աղդամով հասավ Ստեփանակերտ