Գերմանիան Կարմիր խաչի միջազգային կոմիտեին լրացուցիչ 2 միլիոն եվրո կհատկացնի Լեռնային Ղարաբաղում հումանիտար առաքելության նպատակով, այս մասին X-ի իր էջում (նախկին Tweeter) տեղեկացնում է ՀՀ-ում Գերմանիայի դեսպանությունը։
«Լեռնային Ղարաբաղում հումանիտար իրավիճակը շատ լարված է։ Գերմանիան լրացուցիչ 2 միլիոն եվրո է հատկացնում Կարմիր խաչի միջազգային կոմիտեին՝ տարածաշրջանում իր կյանքեր փրկող գործունեության համար։ Կարևոր է, որ օգնությունը տեղ հասնի հիմա, այդ իսկ պատճառով մենք ձգտում ենք բացել հումանիտար հասանելիությունը», - հայտարարում է Գերմանիայի դիվանագիտական ներկայացուցչությունը։
Անցած օրերին Գերմանիայի արտգործնախարար Անալենա Բերբոքը անդրադառնալով Արցախում 9 ամիս շարունակվող շրջափակմանը տեղում իրավիճակը «աղետալի» է որակել ու ընդգծել Լաչինի միջանցքի բացման կարևորությունը։
«Մենք վճռականորեն դիմում ենք Ադրբեջանին ու Ռուսաստանին․ Լաչինի միջանցքը պետք է բացվի, մարդիկ պետք է ստանան այն, ինչ անհրաժեշտ է կյանքի համար»,- ասել էր գերմանացի պաշտոնյան
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Վաշինգտոնն ու Բրյուսելը Բաքվին կոչ են անում բացել Լաչինի միջանցքը