Իրանի արտգործնախարարության խոսնակ Նասեր Քանանին այսօր հայտարարել է՝ ադրբեջանական կողմը Թեհրանին վստահեցրել է, որ ռազմական հարձակման մտադրություն չունի:
«Մենք կապի մեջ ենք ինչպես Ադրբեջանի Հանրապետության, այնպես էլ Հայաստանի իշխանությունների հետ։ Հայաստանի իշխանություններն անհանգստություն են հայտնել Ադրբեջանի կողմից հնարավոր նոր ռազմական գործողությունների հետ կապված», - երկուշաբթի օրը ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Իրանի դիվանագիտական գերատեսչության խոսնակը։
Իրանցի պաշտոնյան հավելել է՝ Բաքուն Իրանին տեղեկացրել է, որ ռազմական հարձակում իրականացնելու մտադրություն չունի, և որ վերջին զորաշարժերը «սովորական ռազմական գործողություն են ձմեռային սեզոնին ընդառաջ, քանի որ ձմռանը լեռնային տեղանքում տեղաշարժը դժվարանում է»։
Քանանին կրկնել է պաշտոնական Թեհրանի դիրքորոշումը՝ Իրանը հյուսիսային հարևանների հետ համատեղ սահմանների անվտանգության նկատմամբ զգայուն է և ուշադրությամբ հետևում է տարածաշրջանային զարգացումներին:
«Վստահեցնում եմ, որ Իրանի սահմաններն անվտանգ են»,- ասել է Իրանի ԱԳՆ-ի պաշտոնական ներկայացուցիչը:
Նասեր Քանանիին համոզմունք է հայտնել, թե անվտանգության և խաղաղության հասնելու համար կարևոր քայլ կլիներ Հայաստանի և Ադրբեջանի կողմից միմյանց տարածքային ամբողջականության ճանաչումը:
«Ղարաբաղը Ադրբեջանի Հանրապետության մաս է, այդ տարածաշրջանի ժողովրդի իրավունքներն ու անվտանգությունը պետք է ապահովվեն հստակ մեխանիզմով։ Սա մեր պաշտոնական դիրքորոշումն է»,- հայտարարել է Իրանի ԱԳՆ-ի խոսնակը:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Փաշինյանն ու Ռայիսին հեռախոսազրույց են ունեցել