ԱՄՆ-ը և Վիետնամը պայմանավորվել են «համապարփակ ռազմավարական գործընկերության» մասին

ԱՄՆ նախագահ Ջո Բայդեն և Վիետնամի կոմկուսի գլխավոր քարտուղար Նգույեն Ֆու Տրոնգ, Հանոյ, 10-ը սեպտեմբերի, 2023թ.

Միացյալ Նահանգները և Վիետնամը պայմանավորվել են «համապարփակ ռազմավարական գործընկերության» մասին՝ սեպտեմբերի 10-ին ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի Հանոյ այցի արդյունքում։

Վիետնամում սա օտար պետության հետ համագործակցության հնարավոր ամենաբարձր աստիճանն է։ ԱՄՆ-ը դարձավ Ռուսաստանից, Հնդկաստանից, Հարավային Կորեայից և Չինաստանից հետո հինգերորդ երկիրը, որի հետ կոմունիստական Վիետնամը գործընկերության այս մակարդակն է հաստատել։

Սպիտակ տունը Բայդենի այցն անվանել է «պատմական պետական այց»։

Երկու երկրների միջև հարաբերությունների խորացումը տեղի է ունենում Հարավարևելյան Ասիայում Չինաստանին հակակշիռ դառնալու Վաշինգտոնի ցանկության ֆոնին, նշում է France-Presse գործակալությունը։

Միացյալ Նահանգները և Վիետնամը վերականգնել են դիվանագիտական հարաբերությունները միայն 1995 թվականին՝ Վիետնամի պատերազմի ավարտից 20 տարի անց: Վաշինգտոնը Հանոյի երկրորդ խոշոր առևտրային գործընկերն է Պեկինից հետո: