Բաքուն հաղորդում է ականի վրա զինծառայողի պայթելու մասին. Ստեփանակերտը հերքում է ականների տեղադրման լուրը

Ստեփանակերտը հերքում է Բաքվի հերթական հաղորդագրությունը։

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հաղորդել է, թե իբր ՊԲ ստորաբաժանումները «դիվերսիոն ներթափանցում են կատարել և տեղադրել են ականներ, ինչի հետևանքով սեպտեմբերի 10-ին` ժամը 13։30-ի սահմաններում, ականապայթունային վիրավորում է ստացել ադրբեջանցի զինծառայող»։ Ըստ Բաքվի՝ զինծառայողը վիրավորում է ստացել։

Արցախի պաշտպանության բանակը սա ամբողջությամբ մտացածին և կեղծ է որակել։

«Ինչպես արդեն նշել ենք, վերջին շրջանում Ադրբեջանի ՊՆ-ն կտրուկ մեծացրել է ստահոդ հաղորդագրությունների հրապարակման հաճախականությունը, որոշակիորեն փոխվել է նաև այդ կեղծ հաղորդագրությունների բնույթը. եթե մինչ այժմ ադրբեջանական կողմը ՊԲ-ին ներկայացնում էր հրադադարը խախտելու կամ զենք-զինամթերքի փոխադրման կեղծ մեղադրանքներ, ապա այժմ հնչեցնում է դիվերսիոն գործողություններ իրականացնելու կամ այդպիսի գործողությունների նախապատրաստություն կատարելու վերաբերյալ շինծու մեղադրանքներ։
Ադրբեջանի ՊՆ նման պնդումները իրականության հետ որևէ աղերս չունեն։ Այդ եղանակով ադրբեջանական կողմն իրականացնում է հերթական սադրանքի տեղեկատվական ակտիվ նախապատրաստություն», - ասված է Պաշտպանության նախարարության հաղորդագրության մեջ։