Լաչինի միջանցքը պետք է հիմա վերաբացվի. Բորել

Եվրամիության բարձր ներկայացուցիչ Ժոզեֆ Բորել, արխիվ

Լաչինի միջանցը պետք է հիմա վերաբացվի, մյուս ճանապարհներն, ինչպես օրինակ, Աղդամինը, կարող են բացվել որպես լուծման մի մաս, բայց ոչ որպես այլընտրանք, Ադրբեջանի արտգործնախարարի հետ զրույցից հետո X-ի (նախկին Twitter) իր էջում գրել է Եվրամիության արտգործնախարար Ժոզեֆ Բորելը։

«Ջեյհուն Բայրամովի հետ իմ հեռախոսազրույցում ես վերահաստատեցի իմ մտահոգությունը հումանիտար իրավիճակի առնչությամբ, որին բախվում են Ղարաբաղի հայերը», - նշել է Եվրամիության բարձր ներկայացուցիչը։

Ադրբեջանական կողմն առայժմ հեռախոսազրույցի մասին ոչինչ չի հաղորդել, պարզ չէ՝ Բաքուն համաձայնե՞լ է Հայաստանն Արցախին կապող Լաչինի միջանցքի բացմանը։ Ադրբեջանը այն փակ է պահում անցած դեկտեմբերից։

Ավելի վաղ Արցախից հայտնեցին, թե Ստեփանակերտը որոշել է թույլ տալ Աղդամով ռուսական բեռների մուտքը Լեռնային Ղարաբաղ։ Արցախի տեղեկատվական շտաբը միաժամանակ տեղեկացրեց, որ ձեռք է բերվել պայմանավորվածություն, համաձայն որի՝ Լաչինի միջանցքով վերականգնվելու են հումանիտար բեռնափոխադրումները ռուս խաղաղապահների ու Կարմիր խաչի միջազգային կոմիտեի կողմից:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Արցախի նախագահի ընտրությունից ժամեր անց հայտարարվեց, թե Ռուսաստանը հումանիտար օգնություն է ուղարկում՝ Աղդամով