Տարածաշրջանում առկա իրավիճակին վերաբերող հարցերը վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր հեռախոսով քննարկել է նաև Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի հետ։
Ըստ հայկական կողմի՝ Փաշինյանն ու Ղարիբաշվիլին անդրադարձել են Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում խորացող հումանիտար ճգնաժամին, Լեռնային Ղարաբաղի շուրջ ադրբեջանական զորքերի կուտակմանը, Հայաստան-Ադրբեջան պետական սահմանին լարվածության աճին:
Ընդգծելով հավատարմությունը 2022 թվականի հոկտեմբերի 6-ի Պրահայի և 2023 թվականի մայիսի 14-ի Բրյուսելի պայմանավորվածություններին, ինչպես նաև բոլոր հարցերը բացառապես դիվանագիտական եղանակներով ու կառուցողական մթնոլորտում լուծելու մոտեցումներին՝ Փաշինյանը վերահաստատել է, որ պատրաստակամ է հրատապ քննարկումներ ունենալ Ադրբեջանի նախագահի հետ:
Վրաստանի վարչապետը հայտնել է, որ պատրաստ է ներդնել անհրաժեշտ ջանքեր՝ ի նպաստ տարածաշրջանում խաղաղություն և կայունություն հաստատման:
Երկուստեք կարևորվել է խաղաղ բանակցային ճանապարհով առկա հիմնախնդիրների կարգավորումը:
Հայաստանի և Ադրբեջանի միջև աճող լարվածության ֆոնին Փաշինյանը հեռախոսազրույցներ է ունեցել նաև ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի, Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսիի, Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնի և Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի հետ։ Բոլոր հեռախոսազրույցներում էլ Հայաստանի գործադիրի ղեկավարը Ալիևի հետ հրատապ քննարկումներ ունենալու պատրաստակամություն է հայտնել, որը միտված կլինի լարվածությունը նվազեցնելուն։
Կառավարության սեպտեմբերի 7-ի նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Ադրբեջանն օրեր շարունակ զորքեր է կուտակում Լեռնային Ղարաբաղի շփման գծի և Հայաստան-Ադրբեջան սահմանագծի երկայնքով՝ շեշտելով՝ ռազմաքաղաքական իրավիճակը տարածաշրջանում էականորեն սրվել է։ Փաշինյանը նաև ասաց, որ Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ ոտնձգությունների քաղաքականությունը շարունակվում է։ Բաքուն շտապեց հերքել Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը՝ այն որակելով «քաղաքական մանիպուլյացիա»։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Փաշինյանը խոսում է ռազմական նոր գործողությունների հնարավորությունից, Բաքուն հերքում է