Կայացել է Հայաստանի վարչապետի և ԱՄՆ պետքարտուղարի հեռախոսազրույցը:
Ըստ հայկական կողմի Նիկոլ Փաշինյանն ու Էնթոնի Բլինքենն անդրադարձել են Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում հումանիտար ճգնաժամի խորացմանը, Լեռնային Ղարաբաղի շուրջ ադրբեջանական զորքերի կուտակման, Հայաստան-Ադրբեջան պետական սահմանին լարվածության աճի միտումներին:
Վարչապետը ևս մեկ անգամ ընդգծել է հավատարմությունը՝ բոլոր հարցերը բացառապես դիվանագիտական ճանապարհով ու կառուցողական մթնոլորտում կարգավորելու մոտեցումներին՝ հիմք ընդունելով 2022 թվականի հոկտեմբերի 6-ին Պրահայում և 2023 թվականի մայիսի 14-ին Բրյուսելում ձեռք բերված պայմանավորվածությունները։
Հայաստանի վարչապետի գրասենյակը նշում է, որ Բլինքենը կարևորել է երկխոսությամբ և խաղաղ դիվանագիտական ճանապարհով բոլոր հարցերի լուծումը՝ ընդգծելով, որ ԱՄՆ շարունակելու է ակտիվ ջանքերն այդ ուղղությամբ:
ՀՀ վարչապետը և ԱՄՆ պետքարտուղարն անթույլատրելի են համարել իրավիճակի սրումը՝ ընդգծելով տարածաշրջանում խաղաղության և կայունության ապահովման անհրաժեշտությունը, Նիկոլ Փաշինյանը շեշտել է, որ այդ նպատակով պատրաստ է հրատապ քննարկումներ ունենալ Ադրբեջանի նախագահի հետ, ասված է հաղորդագրությունում։
Փաշինյանը հեռախոսազրույցներ է ունեցել նաև Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսիի, Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնի և Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի հետ։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Բաքուն նոր պատերազմի՞ է նախապատրաստվում, թե՞ մկաններ է ցուցադրում