Հուժկու երկրաշարժ Մարոկկոյում, կան հարյուրավոր զոհեր և վիրավորներ

Մարոկկոյում երեկ ուշ երեկոյան, տեղական ժամանակով 23։11-ին, տեղի է ունեցել հուժկու երկրաշարժ:

Երկրաշարժի հետևանքով զոհվել է առնվազն 632 մարդ, առնվազն 329 բնակիչ էլ վնասվածքներ է ստացել, նրանցից 51-ի վիճակը ծանր է։

Աղետի գոտում աշխատում են փրկարարները և շտապօգնության թիմերը:

Մարոկկոյի ազգային երկրաֆիզիկական ինստիտուտի փոխանցմամբ, երկրաշարժի ուժգնությունը 7 մագնիտուդ է: Հիմնական ցնցումին հաջորդել են հետցնցումներ, որոնցից ամենահզորը 6 մագնիտուդով էր:

Էպիկենտրոնը գտնվել է Մարոկկոյում մեծությամբ չորրորդ քաղաք Մարաքեշից 77 կիլոմետր հարավարևմուտք: Օջախը 10-ը կիլոմետր խորության վրա էր:

Ստորգետնյա ցնցումներ են գրանցվել էպիկենտրոնից 400 կիլոմետր շառավիղով: Մի շարք երկրների ղեկավարներ ցավակցություն են հայտնել Մարոկկոյի թագավոր Մոհամեդ վեցերորդին՝ ավերիչ երկրաշարժի կապակցությամբ: