Եվրամիության դռները բաց են Վրաստանի առջև. Ժոզեպ Բորել

Ջոզեպ Բորել և Իրակլի Ղարիբաշվիլի

Եվրամիության դռներ բաց են Վրաստանի առջև, Եվրամիությունն աջակցում է Վրաստանին այդ ճանապարհին, սակայն միության անդամության թեկնածուի կարգավիճակը պետք է վաստակել, և բաց չթողնել պատմական հնարավորությունը։ Ահա Եվրոպական միության արտաքին հարաբերությունների և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելի հիմնական ուղերձը, որով նա ժամանել է Թբիլիսի։

Բորելը երեկվանից է Վրաստանում, արդեն հանդիպումներ է ունեցել արտգործնախարարի, պատգամավորների,
վարչապետի հետ։

Իրակլի Ղարիբաշվիլիի հետ հանդիպումից հետո Բորելը ձևակերպեց հիմնական ուղերձները՝ նշելով, որ ինքը Թբիլիսիում ավելի շատ Եվրամիության դրոշ է տեսնում, քան Բրյուսելում։ Կասկած չունի, որ Վրաստանը Եվրամության ընտանիքին է պատկանում, սակայն բոլոր քաղաքական ուժերը «պետք է միասնաբար կառուցողական աշխատեն, որպեսզի իրականացնեն Եվրամիության անդամի թեկնածու դառնալու համար պահանջվող բարեփոխումները. - «Բոլոր ջանքերը պետք է կենտրոնացնել քաղաքական լարվածությունը թուլացնելու համար, Բաց մի թողեք այս պատմական հնարավորությունը, և դուք գիտեք, որ դա բաց չթողնելու համար պետք է միասնաբար աշխատեք, քանի որ Եվրամիության ճանապարհի վրա Վրաստանի հաջորդ քայլերը հիմնված են լինելու արժանիքների , և գրանցած արդյունքների։ Իսկ արդյունքները կստացվեն ի շնորհիվ բոլոր քաղաքական ուժերի միասնական ջանքերի»։

Բորելը հիշեցրել է, որ Վրաստանը պետք է կատարի Եվրամիության առաջադրած 12 պահանջները։ Հունիսի դրությամբ առաջընթաց է գրանցվել միայն երեքի կատարման գործում։ Բայց դեռ ժամանակ կա մնացածը իրագործելու, հայտարարել է Բորելը՝ թվարկելով, թե առաջին հերթին որ ոլորտներում պետք շոշափելի բարեփոխումներ իրագործի Վրաստանը։ Դրանք են՝ քաղաքական բևեռացման նվազեցում, տնտեսական քաղաքական և սոցիալական ոլորտներում օլիգարխիկ համակարգի վերացում, ռեֆորմներ արդարադատության և ընտրական համակարգերում, առաջընթաց մամուլի բազմակարծության և մարդու իրավունքների հարցերում:

«Անդամակցությունը պահանջում է քրտնաջան աշխատանք, քաղաքական կամք և հստակ հավատարմություն Եվրամիության արժեքներին։ Բայց թույլ տվեք ասել իմ սեփական փորձից՝ այս քրտնաջան աշխատանքն արժե կատարել», - նշել է Բորելը։

Վրաստանում մինչդեռ քաղաքական բևեռացումն ու լարվածությունը վերջին օրերին է'լ ավելի են սրվել մասնավորապես երկրի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի և կառավարության միջև։ Վրաստանի իշխող քաղաքական ուժը՝ «Վրացական երազանքը» անգամ նախագահի իմփիչմենթի գործընթաց է նախաձեռնել՝ մեղադրելով նախագահին սահմանադրույունը խախտելու համար։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Սալոմե Զուրաբիշվիլին շարունակում է հանդիպումները Եվրոպայում

Սալոմե Զուրաբիշվիլին օրերս սկսել է եվրոպական երկրներ այցելել և Վրաստանի եվրոպական հեռանկարների վերաբերյալ հանդիպումներ ունենալ Եվրամիության երկրների ղեկավարների հետ, սակայն կառավարությունը այդ այցերից և ոչ մեկը չի հաստատել։ Վրաստանի սահմանադրության համաձայն ոչ թե երկրի նախագահն է իրականացնում արտաքին քաղաքականությունը, այլ կառավարությունը, և հենց կառավարությունն է հաստատում նախագահի այցերը։

Բորելը անդրադարձել է նաև այդ թեմային՝ հայտարարելով, որ նախագահի իմփիչմենթը կարող է է'լ ավելի խորացնել առկա բևեռացումը։

Եվրամիության ներկայացուցիչը կոչ է արել միասնական լինել, հայտարարել, որ սա մի հարց է, որ միայն Վրաստանը կարող է լուծել, իրենք չեն կարող միջամտել երկրի ներքին գործերին, բայց ինքը կարող է ասել միասնականության բանաձևը. - «Մեծամասությունը պետք է ներառական լինի, իսկ փոքրամասնությունը՝ համագործակցող։ Բայց այդ հարցում իմ լծակները նվազագույնն են։ Դա ձեր գործն է, ձեր քաղաքապան ուժերի գործն է»։

Բորելի մյուս ուղերձը վերաբերում էր ուկրաինական պատերազմին։ Նա հայտարարել է, որ Եվրամիությունն ակնկալում է, որ միջազգային գործընկերները և նրանց թվում Վրաստանը կհամակարգեն Ռուսաստանի միջազգային մեկուսացմանն ուղղված գործողությունները։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Հավատալ, թե ԵՄ-ն ուզում է Վրաստանն օգտագործել՝ երկրորդ ճակատ բացելու Ռուսաստանի դեմ, խելագարություն է. Բորել

Հարցին, թե Վրաստանում մտավախություն կա, որ Վրաստանը կարող է վերածվել Արևմուտք - Ռուսաստան հակամարտության երկրորդ ճակատի, Բորելը արձագանքել է. - «Խելագարություն է մտածել, թե որևէ մեկը Եվրամիությունում ցանկանում է պատերազմ տեսնել Վրաստանում։ Շատ եմ ցավում, որ նման սուտ լուրեր են տարածվում։ Որովհետև դրանք խնդիր են ստեղծում։ Դա քարոզչություն է և ապատեղեկատվություն»։

Եվրոպական միության արտաքին հարաբերությունների և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչը ողջունել է Վրաստանի աջակցությունը Ուկրաինային, նաև հայտնել է Եվրամիության անխախտ աջակցությունը Վրաստանի տարածքային ամբողջականությանը։