Newmag հրատարակչությունը նախաձեռնությամբ առաջին անգամ կանցկացվի «Ֆրանկոֆեստ» փառատոնը

Վաղը Սիրահարների այգում Newmag հրատարակչությունը գրքի նոր փառատոն է կազմակերպում ՝ «Ֆրակոֆեստ» ֆրանսերեն գրքերի և ֆրանկոֆոն բովանդակության փառատոն։

«Ֆրանկոֆեստը՝ ֆրանսիական գրքերի առաջին փառատոնը աննախադեպ է այն իմաստով, որ անցկացվում է առաջին անգամ։ Newmag-ը այս տարի կազմակերպել էր երկու փառատոն՝ ձմեռային և ամառային, մայիսին եղավ նաև Երևանի Գրքի փառատոնը։ Եվ մենք նկատեցինք, որ ամբողջ աշնան ընթացքում բացակայում են որևէ փառատոնները, ինչը հատկապես անարդար էր այն իմաստով, որ լավագույն բեսթսելլերները, լավագույն գրքերը սովորաբար տպագրվում են սեպտեմբերից դեկտեմբեր ընկած հատվածում։ Ավելին, համարվում է, որ ընթերցողները հակված են ավելի շատ գիրք գնել հենց այս շրջանում։ Եվ որպեսզի այս «գրքասեզոնը» բաց չթողնենք, ավելին՝ ազդարարենք դրա մեկնարկը, մենք որոշեցինք անել «Ֆրանկոֆեստ»՝ ֆրանսիական գրականության փառատոն», - լրագրողների հետ հանդիպմանն ասաց Newmag հրատարակչության տնօրեն Արտակ Ալեքսանյանը։

Հրատարակչության գլխավոր խմբագիր Գնել Նալբանդյանը հավելեց, որ այդ օրը շնորհանդեսի կներկայացվեն չորս նոր գրքեր, որոնք արդեն իսկ հասցրել են արժանանալ միջազգային հեղինակավոր գրական մրցանակների և դառնալ բեսթսելլերներ. - «Թարգմանել ենք Ամելինո Տոմբի «Կապույտ մորուքը» վեպը։ Հաջորդ մեր հեղինակը Անդրեյ Մակին՝ ռուս ստեղծագործող, որը Ֆրանսիայում է ստեղծագործում և ֆրանսերեն է գրում։ Յուրահատուկ ֆրանսերեն լեզու ունի, ֆրանսիական ակադեմիայի մրցանակակիր է, հետաքրքիր ստեղծագործություններ ունի։ Մենք թարգմանել ենք Անդրեյ Մակինի մի ստեղծագործություն, որը պետք է որ շատ հետաքրքրի հայ ընթերցողին, որովհետև վեպը կոչվում է «Իմ հայ ընկերը»։

Հաջորդ նոր գիրքը Անյես Մարտեն-Լյուգանի «Երջանիկները ընթերցում են և սրճում» վեպն է, իսկ չորրորդը Ժոել Դիկկերի «Ճշմարտոթւյունը Հարրի Քվեբերտի գործի մասին» վեպն է, որը, ինչպես ներկայացնում է Արտակ Ալեքսանյանը «համարվում է եվրոպական մեգասենսացիա». - «Որովհետև նախ շահել է բոլոր հնարավոր մրցանակները դետեկտիվի և թրիլլերի ժանրում, երկրորդը, ունեցել է բացառիկ վաճառք։ Այն ֆրանկոֆոն եզակի գրքերից է, որ էկրանավորվել է Հոլիվուդում։ Մեր թարգմանիչը՝ Սամվել Գասպարյանը երեկ ինձ ասաց՝ ես որոշել եմ, որ այդ օրը ասեմ չգնեք այդ գիրքը։ Որ ասի՝ Սամվել ինչո՞ւ։ Ասեց՝ եթե գնել եք, իմացեք, որ երեք օր տանից դուրս չեք գալու մինչև չկարդաք-չվերջացնեք»։

Թե այս նոր հրատարակված գրքերը, թե հրատարակչության ողջ տեսականին փառատոնի օրը կներկայացվի 40 տոկոս զեղչով։

«Newmag-ը սովորաբար իր փառատոների ժամանակ միշտ զեղչ է անում, և այս անգամ քառասուն տոկոս զեղչը... Չորս գիրք ներկայացվում է հանրությանը, մենք պատկերացնում ենք, որ մարդիկ ուզում են չորսն էլ վերցնել, բայց իրենց բյուջեի համար դժվար կլինի չորս գիրք վերցնել։ Էդ պատճառով քառասուն տոկոս զեղչը հնարավորություն կտա, որ մարդիկ այդ չորս գիրքը կարողանան տանել իրենց հետ։ Եվ լեցուն և' հոգով, և' սրտով, և' լեցուն տոպրակով կարողանան վերադառնալ, բայց ոչ այնքան դատարկված դրամապանակով», - ասաց Գնել Նալբանդյանը։

Վաղը Սիրահարների այգում «Ֆրանկոֆեստ» փառատոնը կմեկնարկի առավոտյան ժամը 11-ին և կավարտվի 12 ժամ անց՝ ներառելով նոր գրքերի շնորհանդեսներ, քննարկումներ, ֆրանսիական երաժշտություն, գինու հյուրասիրություն և այլն։

Արտակ Ալեքսանյանը ներկայացրեց. - «Լինելու է, օրինակի համար, ներածություն ֆրանսերեն լեզվին հենց տեղում սեպտեմբերի 9-ին, կլինի նաև ֆրանսերեն երեխաների համար, որպեսզի երեխաները արդեն հասկանան ինչպիսին է այդ լեզուն։ Այդ օրը կլինի պանելային քննարկում ընդհանուր առմամբ ֆրանսիական նոր բովանդակության մասին։ Խոսքը ամենևին չի վերաբերում միայն գրքերին, նաև երաժշտությանը, կինոյին, կատարողական արվեստին։ Ավանդույթի համաձայն, այդ օրը կներկայացնենք Շառլ Ազնավուրի երգերից մեկի հայերեն թարգմանությունը և նոր տեսահոլովակը։ Թարգմանվել է Շառլ Ազնավուրի «Այս կռվի մանուկները» երգը, և այն նվիրվում է Արցախում շրջափակման մեջ գտնվող երեսուն հազար արցախցի մանուկներին։ Երբը վաթսունական թվականներին է Ազնավուրը կատարել, թարգմանել է Լիլիթ Բլեյանը, կատարում է Շուշան Պետրոսյանը»։

Վերջում Արտակ Ալեքսանյանն ու Գնել Նալբանդյանը գրքի առաջիկա փառատոնի հետ կապված իրենց համար շատ կարևոր դիտարկում արեցին։

«Ես հասկանում եմ, որ հիմա մեր լրահոսը լիքն է մտահոգ լուրերով, և փառատոն բառից մարդիկ արդեն հոգնել են։ Բայց ֆրանսիական գրականության փառատոնը՝ «Ֆրանկոֆեստը» ի վերջո հրավառության մասին չէ և ամենևին կտրված չէ իրականությունից։ Ճիշտ հակառակը, մենք փորձել ենք գրականությունը տեղավորել էն իրականության մեջ, որ կա։ Դա լինելու է առաջին հերթին խելացի և ինտելեկտուալ զրույցների և շփումների հարթակ», - խոստացավ Արտակ Ալեքսանյանը։

Գնել Նալբանդյանը հավելեց. - «Փառատոնը, որը մենք նախապատրաստում ենք, ամենևին էլ խրախճանք չէ ժանտախտի ժամանակ։ Ճիշտ հակառակը՝ ժանտախտի դժվարին ժամանակներին դիմակայելու հնարավորություն է, փորձ և բողոք։ Որովհետև միայն ինտելեկտուալ համախմբմամբ մենք կարող ենք դիմակայել այն ծանր փորձություններին, որոնց միջով անցնում ենք»։