Վաղը ֆուտբոլի Եվրոպայի առաջնության որակավորման փուլի շրջանակում կկայանա Թուրքիա - Հայաստան հանդիպումը

Վաղը Երևանի ժամանակով 22.45-ին Թուրքիայի Էսքիշեհիր քաղաքի մարզադաշտում իտալացի հանրահայտ մրցավար Դանիելե Օրսատոն կազդարարի Թուրքիա - Հայաստան հանդիպման մեկնարկը։

Ֆուտբոլի ազգային հավաքականն արդեն մրցավայրում է։ Կարևորագույն խաղ է, շեշտում են և' ֆուտբոլիստները, և' մարզական լրագրողները։

«Շատ կարևոր խաղ է սպասվում, 100 տոկոսով նախապատրաստվում ենք։ Մեզ շատ պետք է այդ հաղթանակը»,- ասել է ընտրանու առաջատարներից Էդուարդ Սպերցյանը։

«Գիտենք, որ եթե մեր ֆուտբոլը խաղանք, այնտեղ կարող ենք լավ արդյունքի հասնել։ Շատ ոգևորված եմ», - շեշտել է Լուկաս Սելարայանը։

Երկու ընտրանիները կխաղան չորրորդ անգամ։ Նախորդ երեքում Թուրքիայի հավաքականն է հաղթել։ Թիմերի ճանապարհները խաչվել են Եվրոպայի 2024 թվականի առաջնության որակավորման փուլում։ Մարտին Երևանում հյուրերի 2-1 հաշվով հաղթանակով ավարտված խաղով էլ հենց մեկնարկեց պայքարը այս ենթախմբում։

Փորձագետներն ու լրագրողները վերհիշելով երևանյան հանդիպումն ընդգծում են, որ Հայաստանի ընտրանին լավ տեսք ուներ և առնվազն պարտության արժանի չէր։

Ուկրաինացի Ալեքսանդր Պետրակովի գլխավորությամբ Հայաստանի հավաքականը հաջորդ երկու պաշտոնական խաղերում հաղթեց և այժմ 6 միավորով խմբում երկրորդն է։ Առաջատարը Թուրքիան է 9 միավորով։ Խմբի ֆավորիտ Խորվաթիան այս պահին երրորդն է։ Նրանք, սակայն, մեկ հանդիպում պակաս են անցկացրել։

Հայաստանում ՈՒԵՖԱ-ի թղթակից Մհեր Խուդավերդյանը վաղը դրական արդյունք է սպասում, առնվազն ոչ ոքի. - «Հավաքականը շատ լավ ֆուտբոլ է ցուցադրում, շատ որակյալ ֆուտբոլ է ցուցադրում, գրագետ ֆուտբոլ է ցուցադրում։ Տեսնում ենք, որ կա դրված խաղ, և ֆուտբոլիստները կարողանում են անել այն, ինչ իրենցից պահանջում է մարզիչը։ Ելնելով այս հանգամանքից, բնականաբար, սպասելիքները մեծ են հավաքականից, և կա ներքին վստահություն, որ մենք կարողանալու ենք դրական արդյունք գրանցենք Թուրքիայի դեմ խաղում»։

«Շատ բարդ խաղ է մեզ սպասվումմ որովհետև խաղում ենք մեր սկզբունքային մրցակցի դեմ, հյուրընկալվելու ենք իրենց։ Դա իհարկե է'լ ավելի է բարդացնում մեր առաջադրանքը», - ասում է Լևոն Պաչաջյանը։

Հայաստանի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Լևոն Պաչաջյանը շեշտում է, որ ընտրանու խաղը բարելավվել է, բայց սա նկատում են նաև մրցակիցներն ու ավելի լուրջ են պատրաստվում։ Հիշեցնում է՝ նախկինում նման պատկեր արդեն եղել է. - «Կապառոսի ժամանակահատվածում, երբ առաջին երեք խաղը հաղթեցինք, դրանից հետո, քանի որ արդեն տեսնում են ավելի լուրջ հավաքականները, որ մենք ունենք բավականին բարձրակարգ հավաքական, որը վերելք է ապրում, շատ ավելի լավ են պատրաստվում, և այդտեղ արդեն մենք բարդություններ ենք ունենում՝ չկարողանալով բարձր նշաձողը պահել»։

«Կյանքի խաղ» «Սկզբունքային մրցավեճ». հանդիպումն այսպիսի գլխագրեր է ստանում։ Իրենք ֆուտբոլիստները մինչդեռ հանդիպման սկզբունքայնությունը քաղաքականության, երկու երկրների միջև հարաբերությունների հետ չեն կապում։

«Սա ֆուտբոլ է։ Մենք միշտ ասում ենք, սպորտը քաղաքականությունից դուրս է։ Հարցն ավելի շատ այն է, որ մեզնից երեք միավորով առաջ են, մրցաշարային առումով է շատ կարևոր խաղ», - ասում է Սպերցյանը։

Նույնաբովանդակ պատասխաններ նաև թուրք ֆուտբոլիստներն էին տալիս երևանյան հանդիպմանն ընդառաջ։

Այդուհանդերձ քաղաքական ենթատեքստից լիովին խուսափել չի ստացվի։ ՈւԵՖԱ-ի հատուկ որոշմամբ երկու խաղերի համար էլ արգելվել է հյուր երկրպագուների մուտքը մարզադաշտ՝ «ավելորդ լարվածությունից խուսափելու համար»։ Թուրքական մամուլն էլ գրում է, թե տեղի ֆեդերացիան որոշել է թույլ չտալ երկրպագուներին Ադրբեջանի դրոշներով մարզադաշտ մտնել։

Հաջորդ ամառ Գերմանիայում կայանալիք Եվրո-24-ի ուղեգիր կնվաճեն ընտրական փուլի ենթախմբերում առաջին երկու տեղերը զբաղեցրած հավաքականները։ Թուրքիայի հետ կայանալիք հանդիպումը նաև այդ պատճառով է վճռորոշ համարվում։