Ադրբեջանի արտգործնախարարությունը քննադատել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի կառավարության նիստում հնչեցրած հայտարարությունները։
«Սեպտեմբերի 7-ին կառավարության նիստի ժամանակ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հնչեցրած մեղադրանքներն այն մասին, որ Ադրբեջանը սրում է ռազմաքաղաքական իրավիճակը տարածաշրջանում և զինված ուժեր է կենտրոնացնում, Հայաստանի կողմից քաղաքական մանիպուլյացիայի մաս են կազմում»,- ասված է Ադրբեջանի արտգործնախարարության տարածած հայտարարությունում։
Այսօր կառավարության նիստի ժամանակ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց՝ Ադրբեջանն օրեր շարունակ զորքեր է կուտակում Լեռնային Ղարաբաղի շփման գծի և Հայաստան-Ադրբեջան սահմանագծի երկայնքով՝ շեշտելով՝ ռազմաքաղաքական իրավիճակը տարածաշրջանում էականորեն սրվել է։
Հայաստանի ինքիշխան տարածքի նկատմամբ ոտնձգությունների քաղաքականությունը շարունակվում է, նաև ասաց գործադիրի ղեկավարը։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ադրբեջանն ի ցույց է դնում ընդդեմ ԼՂ-ի և ՀՀ-ի նոր ռազմական սադրանքի իր մտադրությունը. ՓաշինյանԸստ Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչության՝ «տարածաշրջանում անվտանգության իրական սպառնալիքը Հայաստանի ռազմաքաղաքական սադրանքներն են, Ադրբեջանից տարածքային պահանջները և հայկական զինված ուժերը, որոնք, հակառակ ստանձնած պարտավորությունների, դեռ դուրս չեն բերվել Ադրբեջանի տարածքից»։
«Տարածաշրջանում խաղաղություն և անվտանգություն հաստատելու համար հայկական կողմը պետք է հրաժարվի Ադրբեջանի նկատմամբ տարածքային պահանջներից, վերջ դնի ռազմաքաղաքական սադրանքներին, դադարեցնի խոչընդոտներ հարուցել խաղաղության պայմանագրի շուրջ բանակցային գործընթացի հաջող ավարտի ճանապարհին», - նշում է պաշտոնական Բաքուն։
Պաշտոնական Երևանը բազմիցս հայտարարել է, որ Հայաստանը Լեռնային Ղարաբաղում զինված ուժեր չունի:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Փաշինյանը ևս մեկ անգամ հայտարարում է, որ Հայաստանը Լեռնային Ղարաբաղում զինվոր չունի