Ռուսաստանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան արձագանքել է Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի՝ իրեն «ինչ-որ քարտուղարուհի» անվանելուն, իր հերթին հայտարարելով՝ «դժվար է չհամաձայնել, որ մակարդակի հետ կապված ակնհայտ խնդիրներ կան»։ Այս մասին ռուսաստանցի դիվանագետը գրել է տելեգրամյան իր ալիքում։
«Եվ ես ուզում եմ աջակցության խոսքեր ասել մոլորակի բոլոր «քարտուղարուհիներին»: Ընկերուհինե՛ր: Ձեր աշխատանքը նույնիսկ ամենաբարձր ղեկավարի հաջողության գրավականն է: Առանց ձեր ամենօրյա տքնաջան աշխատանքի, այդ թվում՝ ժամանակացույցի, հանդիպումների կազմակերպման, փաստաթղթերի հետ աշխատելու, զանգերի ընդունման և միլիոնավոր տարբեր հոգսերի, ամեն ինչ կկործանվի: Մի նեղացեք, այս մարդը, վստահ եմ, առանց մտածելու դուրս է տվել», - գրել է Զախարովան՝ ամփոփելով. - «Նրա ասածին ձեր վերաբերմունքը մի տարածեք հայ ժողովրդի վրա: Հայ ժողովուրդը իմաստուն է, բազմաչարչար ու սիրառատ»։
«Չեմ պատրաստվում արձագանքել ինչ-որ քարտուղարուհու, դա իմ մակարդակը չէ». - այս արտահայտությունը Ալեն Սիմոնյանն արել է News.am-ի հետ զրույցում՝ անդրադառնալով Հայաստանի վարչապետի և խորհրդարանի խոսնակի վերաբերյալ Մարիա Զախարովայի ավելի վաղ ասածներին:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Զախարովան «բռիություն» է որակել Ալեն Սիմոնյանի քննադատությունը և կոպտել Փաշինյանին