Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանն ասել է, որ Միջազգային քրեական դատարանի Հռոմի ստատուտը ամենայն հավանականությամբ խորհրդարանը կվավերացնի։
«Ամենայն հավանականությամբ Հռոմի ստատուտը կվավերացվի։ Փաստաթուղթը գտնվում է քննարկման փուլում։ Կքննարկենք, կհասկանանք՝ ինչ օգուտներ կան, իսկ դրանք շատ են, քանի որ մեր երկրի դեմ ռազմական հանցագործություններ են կատարվել ու կատարվում են։ Մեզ, մեր երկրին դա (վավերացումը) պետք է», - News.am-ին ասել է Ալեն Սիմոնյանը։
Հայաստանը Հռոմի ստատուտը ստորագրել է 1998 թվականին, բայց մինչև հիմա չի վավերացրել։ Կառավարությունն այն Ազգային ժողովի վավերացմանն է ուղարկել շաբաթասկզբին:
Այս տարվա մարտին Հայաստանի Սահմանադրական դատարանը որոշեց, որ Միջազգային քրեական դատարանի Հռոմի կանոնադրությունը համապատասխանում է երկրի Սահմանադրությանը:
Դրանից մեկ շաբաթ առաջ Հաագայի Միջազգային քրեական դատարանը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին ձերբակալելու օրդեր էր տվել:
Ռուսական կողմը մտահոգություններ ունի, թե Հռոմի ստատուտի վավերացումը ռիսկեր է պարունակում Հայաստանի և Ռուսաստանի դաշնակցային հարաբերությունների համար:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ
Մոսկվան Երևանից պարզաբանում է խնդրել Հռոմի ստատուտը խորհրդարանի վավերացմանն ուղարկելու հարցովԿառավարությունը Հռոմի ստատուտն ուղարկել է ԱԺ վավերացման. քաղաքական ուժերի արձագանքը