Արցախի Խորհրդարանի 5 ուժերից 4-ի նախագահի թեկնածուն մի քանի օր առաջ պետնախարար նշանակված 44-ամյա Սամվել Շահրամանյանն է։
Խորհրդարանի քարտուղարությունից «Ազատությանը» փոխանցեցին՝ «Ազատ հայրենիք-ՔՄԴ», «Արդարություն», Հայ հեղափոխական դաշնակցությունն ու Արցախի ժողովրդավարական կուսակցությունները առանձին-առանձին նախագահի պաշտոնում ներկայացրել են թեկնածու, բոլորն էլ նույն անձի՝ Սամվել Շահրամանյանի թեկնածությունը։ Գործող պետնախարարը այս 4 ուժերի հետ երեկ հանդիպել է։
Պատգամավորների խոսքով՝ նախագահի ընտրության առաջին փուլն ամենայն հավանականությամբ այս շաբաթ օրն է.
Դեռ միայն լուրեր էին պտտվում նախկին նախագահ Արայիկ Հարությունյանի հրաժարականի մասին, Շահրամանյանի անունն արդեն շրջանառում էր որպես հաջորդ նախագահի ամենահավանական թեկնածու։ Նա, ըստ տարբեր աղբյուրների, Արցախի նախկին նախագահ Բակո Սահակյանի մտերիմներից է։ Երբ Սահակյանը նախագահ էր, Շահրամանյանը Արցախի ազգային անվտանգության ծառայության տնօրեն էր։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Արցախի նախագահը հրաժարականի դիմումը ներկայացրեց Ազգային ժողովԻնչո՞ւ նա. «Ազատ հայրենիք-ՔՄԴ» խմբակցության պատգամավոր Արևիկ Պետրոսյանը կարծում է՝ կարող է կոնսոլիդացնել հասարակությանը. - «Ամենից լոյալ թեկնածուն է բոլոր քաղաքական ուժերի հետ»:
Ընդդիմադիր «Արդարությունից» Մետաքսե Հակոբյանն ասում է՝ Շահրամանյանը կարող է բեկում մտցնել իրավիճակում, բացի այդ՝ «մի քանի օրվա ընթացքում բազմաթիվ հանդիպումներ ենք արել, չի եղել մեկ հոգի, որ չուզենա, որ ներկայիս պետնախարարը լինի երկրի նախագահը, այսինքն, ստացվում է, որ մենք ներկայացնելու ենք ժողովրդի կամքը»:
Այսպես չի մտածում մեծությամբ երկրորդ ուժի՝ «Միասնական հայրենիք» կուսակցության ղեկավար Սամվել Բաբայանը։ «Ազատության» եթերում Բաբայանը մի քանի օր առաջ ասում էր՝ քվեարկությանը չեն մասնակցի, նախագահի ընտրության օրն էլ մտադիր են Ստեփանակերտում ակցիա անցկացնել՝ ընդդիմանալու համար, նրա կարծիքով, կանխորոշված ընտրությանը։
Խմբակցությունները թեկնածու դեռ վաղն էլ կարող են առաջադրել, բայց «Միասնական հայրենիքը» մինչ այս պահը դա չի արել:
«Պետք է ժողովուրդը պահանջի, որ հանրապետության նախագահ երեք հոգով չեն որոշում ու նշանակում: Իմը ենթադրություն չի, Արցախում մի ամբողջ գիշեր Արայիկ Հարությունյան, Բակո Սահակյան, Արկադի Ղուկասյան միասին անց են կացրել, այդ որոշումը կայացրել», - ասաց Բաբայանը:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Բաբայանը հաստատում է՝ Արցախում ստեղծված ճգնաժամի հաղթահարման առաջարկներ է ներկայացրել Ադրբեջանին
Նախագահի պաշտոնից հրաժարական տված Արայիկ Հարությունյանը պատգամավորներին կոչ էր արել նախագահի ընտրության հարցում «չտրվել տարաբնույթ նեղ խմբային ազդեցությունների», հայաստանյան գործիչներին էլ չխառնվել Արցախի ներքին կյանքին։
Արցախցի պատգամավորները նշում են՝ երեկվա հանդիպման ժամանակ Շահրամանյանը իրավիճակի մասին իր պատկերացրած ելքերը ներկայացրել է, բայց փակագծեր չեն բացում. - «Շատ դժվար իրավիճակում ենք, հույսով լինենք, որ պիտի ավելի լավանա: Շատ հնարավոր է, որ ավելի վատանա և անհրաժեշտ լինի շատ դժվար որոշումներ ընդունել»:
Վերջին անգամ՝ այս տարվա մարտին ադրբեջանցիների հետ հանդիպած արցախյան կողմի բանակցողների մեջ նաև Շահրամանյանն էր։ Պատգամավորներն ասում էին՝ նա Ադրբեջանի հետ շփումների, քննարկումների կողմնակից է։ Արևիկ Պետրոսյանը հիշեցրեց՝ երկխոսությունն Արցախը պատկերացնում է միջազգային մեխանիզմի ներքո:
Մետաքսե Հակոբյանը խոսքով՝ Շահրամանյանն Արցախի ինքնորոշման իրավունքը պնդելու կողմնակից է. - «Մենք, իհարկե, գիտակցում ենք, որ ներկայիս պայմաններում, երբ Հայաստանի իշխանությունները հակառակ պրոցեսն են տանում, այսինքն, իրենք հանձնում են Արցախը, հետևաբար, մենք, այո, պիտի կարողանանք ապահովել մեր ուղիղ բանակցային գործընթացն Ադրբեջանի հետ, բայց դրա համար պետք է ընտրվի ճիշտ ձևաչափ, որը չի դառնա ծուղակ Արցախի համար: Կարծում եմ՝ ամենալավ տարբերակը 3+1՝ Հայաստանի, Ռուսաստանի, Ադրբեջանի, այսինքն, եռակողմ հայտարարության տակ ստորագրած պետությունների ձևաչափը, որը միջազգային մեխանիզմն էլ է»:
Վաղը թեկնածուների առաջադրման վերջնաժամկետն է։ Առաջին փուլով Շահրամանյանին ընտրելու համար չորս խմբակցությունների ձայները բավարար են։