Գեներալ Սուրովիկինը հայտնվել է

Լրագրող Քսենիա Սոբչակը սեպտեմբերի 4-ին լուսանկար է հրապարակել, գրելով, որ գեներալ Սերգեյ Սուրովիկինը «դուրս եկավ, ողջ է, առողջ, տանն է, ընտանիքի հետ, Մոսկվայում»։

Հրապարակված լուսանկարում Սուրովիկինը կանգնած է կնոջ կողքին, նա քաղաքացիական զգեստներով է, մուգ ակնոցներով ու գլխարկով։ Այդ լուսանկարից հնարավոր չէ ճանաչել նրան:

«Էխո Մոսկվի» ռադիոկայանի նախկին գլխավոր խմբագիր Ալեքսեյ Վենեդիկտովը ևս Տելեգրամի իր էջում գրել է, որ Սուրովիկինը արձակուրդում է, Պաշտպանության նախարարության տրամադրության տակ։

New York Times-ը գրում է, որ Սուրովիկինը ազատ է արձակվել օգոստոսի 23-ին Եվգենի Պրիգոժինի օդանավի կործանումից, նրա մահից մի քանի օր անց։

Ուկրաինայում ռուսական զորախմբի նախկին գլխավոր հրամանատար գեներալ Սերգեյ Սուրովիկինը անհետացել էր հունիսին՝ Եվգենի Պրիգոժինի խռովության փորձից անմիջապես հետո։ Ըստ ոչ պաշտոնական վարկածների, նա տեղյակ է եղել նախապատրաստվող խռովության մասին։ Ենթադրվում էր, որ նա ձերբակալվել է։ Նրա գտնվելու, կարգավիճակի մասին պաշտոնապես ոչինչ չէր հաղորդվում, իսկ հարցերը մնում էին անպատասխան։