Ադրբեջանում կալանավորված «Ժողովրդավարություն և բարեկեցություն» կուսակցության նախագահ, տնտեսագետ Գուբադ Իբադօղլուի հարազատներին արգելվել է դուրս գալ երկրից։ Այս մասին «Թուրան» գործակալությանը հայտնել է նրա եղբայր Գալիբ Թողրուլը։ Նրա ասելով, արգելքը վերաբերում է բոլոր հարազատներին՝ բացի պատգամավոր Վուգար Բայրամովից։
«Ներքին գործերի նախարարությունն է արգելել։ Դա անօրինական է, քանի որ արգելքը կարող է կիրառվել միայն քրեական գործով մեղադրվողների նկատմամբ», - նշել է Թողրուլը։
Գուբադ Իբադօղլուն ձերբակալվել է հուլիսի 23-ին կեղծ թղթադրամներ պատրաստելու մեղադրանքով։
Ադրբեջանի ՆԳ նախարարությունը նաև հաղորդել էր, որ նա բերման է ենթարկվել 2016 թվականին Թուրքիայում ռազմական հեղաշրջման փորձի համար մեղադրվող Ֆեթուլլահ Գյուլենի կողմնակիցների դեմ տարվող գործողության շրջանակներում:
Իբադօղլուն կտրականապես հերքում է մեղադրանքները։
Եվրամիությունը, ԱՄՆ Պետդեպարտամենտը և միջազգային մի շարք կազմակերպություններ Բաքվին կոչ են արել չեղարկել շինծու մեղադրանքները և անհապաղ ազատ արձակել Գուբադ Իբադօղլուին:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ադրբեջանցիները ԿԽՄԿ-ին չեն թույլատրում բանտում տեսակցել ընդդիմադիր Իբադօղլուին