Ծիծեռնակաբերդի հուշահամալիր տանող ճեմուղու սկզբնական հատվածը՝ 272 մետր երկարությամբ, հիմնովին քանդում են, քաղաքապետարանն այստեղ 50 միլիոն դրամով ավտոմեքենաների համար ճանապարհ է կառուցում՝ երկկողմանի երթևեկությամբ։ Քաղաքային իշխանությունները վստահեցնում են՝ նոր կառուցվող ճանապարհով երթևեկությունը միայն բացառիկ դեպքերում կթույլատրվի։
Ակտիվիստները պնդում են՝ սա պետական միջոցների վատնում է. - «Երբևեկելի գոտի են անում, երկու գոտին՝ մեկը բարձրացող, մեկը՝ իջնող, ինքը որ գա, հելնի»։
Ամեն տարի ապրիլի 24-ին հազարավոր մարդիկ հենց այդ սալիկապատ ճանապարհով էին բարձրանում, շատերի համար էլ սա մայրաքաղաքի սիրելի հանգստի գոտին է։ Մի քանի տասնամյակ ծառայած ճեմուղին առաջին հայացքից որևէ խնդիր չուներ և ակտիվիստների պնդմամբ՝ դեռ երկար տարիներ կծառայեր երևանցիներին։ Հրապարակված փաստաթղթերում, մինչդեռ, քաղաքապետարանն այն քայքայված է անվանում։ Ակտիվիստները տեղում աշխատող տրակտորների մասին նախօրեին ահազանգեցին, այսօր էլ առավոտից այնտեղ էին։ Քաղաքապետարանը միայն օրվա երկրորդ կեսին խախտեց լռությունն ու պնդեց, թե մարզահամերգային համալիրի տնօրինությունն է առաջարկել ճանապարհ կառուցել.
«Այն հնարավորություն կտա միջոցառումների և արտակարգ իրավիճակների ժամանակ զերծ մնալ խճողումային երևույթներից, իսկ դժբախտ պատահարների դեպքում՝ մարզահամերգային համալիրից մարդկանց ավելի արագ տարհանել անվտանգ տարածք, ինչպես նաև շտապօգնության և հրշեջ-փրկարարական ջոկատի մեքենաները հնարավորություն կունենան հավելյալ ճանապարհով մուտք ունենալ Մարզահամերագային համալիրի տարածք»։
Ի՞նչն էր խանգարում մեքենաներին ծայրահեղ դեպքերում սալիկապատ ճեմուղով անցնել, ինչո՞ւ է հենց հիմա՝ տասնամյակներ անց, նման որոշում կայացվել, քաղաքային իշխանությունները չեն պարզաբանում ու որևէ այլ մեկնաբանություն չեն տալիս։
Առավոտյան այնտեղ գտնվող երեք ակտիվիստների էլ տարան ոստիկանության բաժին, այդ թվում՝ այս շինարարության մասին առաջինը ահազանգած Արթուր Չախոյանին, որը գրեթե ամենօրյա ռեժիմով է քաղաքաշինական խնդիրների մասին բարձրաձայնում, նրանց ազատ արձակեցին ժամեր անց։
Ճեմուղու փոխարեն շաբաթներ անց այստեղ ասֆալատապատ ճանապարհ է լինելու՝ 3.6 մետրանոց երկու երթևեկելի գոտիներով։ Քաղաքապետարանը հուլիսին էր մրցույթ հայտարարել։ Հաղթողն «Ադրինշին» ընկերությունն է։ Այս ընկերության հետ ամռանը մեկ այլ պայմանագիր էլ է կնքվել Մալաթիա- Սեբաստիայում մայթեր կառուցելու համար։ Պայմանագրի ընդհանուր արժեքը 48 միլիոն 905 հազար դրամ է՝ գրեթե 130 հազար դոլար։ Սա ներառում է քանդման ու բետոնի լիցքի աշխատանքները։
«Ազատությունը» պայմանագրերի արխիվներում գտավ նաև կառուցվող ճանապարհի գծագիրը. ստացվում է՝ մարդիկ ճեմուղու փոխարեն փողոցով են Ծիծեռնակաբերդ բարձրանալու, այլընտրանքը մարզահամերգային համալիրի աստիճաններն են։ Այնինչ և՛ հուշահամալիր, և՛ մարզահամերգային տանող ավտոճանապարհներ վաղուց կան՝ հակառակ կողմից։
«Երևանի քաղաքապետարանն արդեն մոռանում է, որ տարին մի անգամ ապրիլի 24-ին միլիանավոր հայ ժողովուրդ այստեղով երթ է կատարում դեպի Ծիծեռնակաբերդ, ու իրենք ի՞նչ, ասֆալտի վրայով կիզիչ արևի տակ բարձրանա՞ն», - ասում են ակտիվիստները։
Նախօրեից սկսված շինարարությունը սոցցանցերում էլ է աղմուկ բարձրացրել, բազմաթիվ օգտատերեր իրենց զայրույթը չեն զսպում։ Սեպտեմբերի 17-ին կայանալիք քաղաքապետի ընտրությունների մասնակից ուժերն էլ են վրդդովմունք արտահայտում։
«Այսօրվա իշխանությունների համար քաղաքը շենք ու փողոց է, մեծ շինհրապարակ։ Նախընտարական մոլուցքի մեջ ասֆալտապատում են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր տանող այգու ճեմուղիները` բարբարոսաբար ջարդուփշուր անելով քաղաքային ճեմուղու ամուր սալիկները, ճեմուղին վերածելով մեքենաների ճանապարհի», - ֆեյսբուքյան էջում գրել է «Ապրելու երկիր» կուսակցության քաղաքապետի թեկնածու Մանե Թանդիլյանը։
Քաղաքային իշխանությունները քննադատություններին որևէ կերպ չարձագանքեցին, հրապարակած կարճ պարզաբանման տեքստում միայն նշել են՝ ամեն ինչ օրենքով է։