Արցախի նախագահի հրաժարականից 4 օր անց Ազգային ժողովի խմբակցությունները չեն բացահայտում՝ ում են նախագահի թեկնածու առաջադրելու։ Այս պահին միայն հայտնի է, որ խորհրդարանի մեծությամբ երկրորդ ուժը՝ Սամվել Բաբայանի առաջնորդած «Միասնական հայրենիքը», թեկնածու չի առաջադրի, քվեարկությանն էլ չի մասնակցի, նախագահի ընտրության օրը մտադիր են Ստեփանակերտում ակցիա անցկացնել։
«Ամսի 8-ին ընտրության օրն է որոշված, մեր խմբակցությունն ամբողջովին կմասնակցի նիստին, բայց չի քվեարկի, մնացած բոլոր նրանք, ովքեր կքվեարկեն, նրանք անմիջապես կրելու են պատասխանատվություն, պատասխանատվություն, որ սեփական ժողովրդի ճակատագրով խաղում են, շատ լուրջ պատասխանատվություն, պետք է հազար անգամ մտածել, մի անգամ կտրել», - ասաց նա «Ազատության» եթերում։
Ընդդիմադիր «Արդարություն» խմբակցությունում վարչության նիստ պետք է գումարեն ու որոշեն՝ առաջադրել թեկնածու, թե ոչ։ Խմբակցության ղեկավար Դավիթ Գալստյանը փոխանցեց՝ մինչև սեպտեմբերի 7-ը ժամանակ ունեն. - «Եվ այդ ընթացքում է որոշվելու՝ մեր սեփական թեկնածու խմբակցությունը առաջադրելու է, թե ոչ։ Մինչև գործադիրի նիստը չլինի, այդ հարցին որևէ թե խմբակցության անդամ, թե կուսակցութան չի կարող պատասխանել։ Դա մի անձի որոշելիք չի»։
Մյուս երեք խմբակցությունների հետ կապ հաստատել «Ազատությանը» չհաջողվեց։ Խորհրդարանի լրատվության բաժնից էլ փոխանցեցին միայն, որ թեկնածուների առաջադրման մասին տեղեկություններ չունեն։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Արցախի ԱԺ-ն սեպտեմբերի 8-ին նախագահ կընտրի, հանրությունը պետք է ցույց տա, որ երեք հոգի նկուղում չեն կարող որոշում կայացնել․ ԲաբայանԱրցախի Սահմանադրության համաձայն՝ նոր նախագահին կընտրի խորհրդարանը խմբակցությունների առաջադրած թեկնածուներից։ Ընտրությունը պետք է կազմակերպվի 7-10 օրվա ընթացքում, ընդ որում՝ այն կարող է երկու փուլով անցկացվել։ Սեպտեմբերի 8-ը վերջին ժամկետն է, «Ազատությանն» ասաց խորհրդարանի լրատվության բաժնի պետ Անահիտ Հայրիյանը։
Մինչ այդ նախագահի պաշտոնը լքած Արայիկ Հարությունյանն այսօր խմբակցություններին կոչ է արել չտրվել խմբային ազդեցությունների՝ առանց հստակեցնելու, թե ում և ինչ նկատի ունի։
«Ո՞վ է լինելու Հանրապետության հաջորդ նախագահը. այդ հարցի լուծումը Սահմանադրությամբ վերապահված է բացառապես Ազգային ժողովին՝ խմբակցությունների առաջարկությունների հիման վրա: Ուստի պատգամավորներին կոչ եմ անում Հանրապետության նախագահի ընտրության հարցում առաջնորդվել իրենց խղճով և չտրվել տարաբնույթ նեղ խմբային ազդեցությունների», - նշել է նա։
Արայիկ Հարությունյանն իր վերջին հրամանագրով պետնախարար նշանակեց Անվտանգության խորհրդի քարտուղար Սամվել Շահրամանյանին, ում անունն ամենաշատն է շրջանառվում որպես Արցախի հաջորդ նախագահի թեկնածու։ Նորանշանակ պետնախարարը Արցախի նախկին նախագահ Բակո Սահակյանի մտերիմներից է, հենց նրա պաշտոնավարման տարիներին Արցախի ազգային անվտանգության ծառայության տնօրեն է եղել։ Այսօրվա ֆեյսբուքյան գրառման մեջ պաշտոնից հեռացած Հարությունյանը հիշատակում է Շահրամանյանին, բայց ոչինչ չի ասում նրա թեկնածության մասին. «Նախքան հրաժարականս նշանակել եմ նոր պետական նախարար՝ լայն լիազորություններով, որպեսզի նաև այդ միջոցով հնարավոր լինի պահել պետական համակարգի կայունությունը»:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Արայիկ Հարությունյանը նախագահի ընտրության հարցում քաղաքական ու հանրային գործիչներին զսպվածության կոչ է անումԱրցախը ավելի քան երեք տարի ղեկավարած Արայիկ Հարությունյանը նաև կոչ է անում հայաստանյան գործիչներին չխառնվել Արցախի ներքին կյանքին։
«Ինչ վերաբերում է Հայաստանի Հանրապետությունից վերջին օրերին հնչող տարաբնույթ հայտարարություններին, որոնք արվում են այս կամ այն հնարավոր թեկնածուի օգտին կամ դեմ, ապա այդ անձանց պարզապես խնդրում եմ չխառնվել ու չխաթարել Արցախի ներքին կյանքի փխրուն կայունությունը՝ այն էլ նման ծանրագույն ժամանակահատվածում», - շեշտել է նա:
Օրերս Հայաստանի երրորդ նախագահն էր կարծիք հայտնել Շահրամանյանի մասին, հույս հայտնել, թե նա Արցախի համար կենսական հարցերում առավել հստակ ու նպատակադրված քաղաքականություն կվարի, իսկ իր ասածի հիմքը պաշտոնյայի անցած ճանապարհն է, ինքն անձամբ նրան ճանաչում է։
«Այո, անձամբ ճանաչում եմ, քանի որ ինքը շատ երիտասարդ է, մոտ հարաբերություններ չեն եղել, բայց իմ ասածի հիմքը նրա անցած ճանապարհն է, ես կարծում եմ, ինքը լավ ճանապարհ է անցել, համեստ, երիտասարդ, հավասարակշռված ղեկավար է», - հայտարարել էր Սերժ Սարգսյանը:
Մինչ այդ քաղաքական անորոշության, սննդի, դեղորայքի մատակարարումներից զրկված ու ինը ամիս շրջափակման մեջ ապրող Արցախում փորձում են կարգավորել հացի հերթերի հարցը. վաղվանից հացը կվաճառվի կտրոններով՝ անձին կես հաց, այսինքն՝ օրական մոտ 200 գրամ։ Վերջին շրջանում արցախցիները ժամեր շարունակ հերթեր են կանգնում փռերի առաջ ու հաճախ դատարկաձեռն տուն վերադառնում։