Պատմության թանգարանում բացվել է 19-րդ դարի հայկական գորգարվեստը ներկայացնող ցուցադրություն

Ցուցադրությունը բաղկացած է Հայաստանի պատմության թանգարանի և Թուֆենկյան գորգերի հավաքածուի 30 նմուշներից

Սեպտեմբերի 2-ին երեկոյան Հայաստանի պատմության թանգարանում բացվեց 19-րդ դարի հայկական գորգարվեստը ներկայացնող համատեղ ցուցադրություն, որը բաղկացած է թանգարանի և Թուֆենկյան գորգերի հավաքածուի 30 նմուշներից։ Ցուցադրությունը կգործի մեկ տարի։

Ինչպես «Ազատության» հետ զրույցում ընդգծում էր ամերիկահայ ձեռնարկատեր, բարերար Ջեյմս Թուֆենկյանը,19-րդ դարի ամենագեղեցիկ հայկական գորգերը սկսել է հավաքել 30 տարի առաջ, և այսօր իր հավաքածուն ներառում է 100 գորգ։

Ջեյմս Թուֆենկյանն իր հավաքածուի գորգերը գնել է թե' Հայաստանից , թե' աշխարհի տարբեր երկրներից։ Շատ հետաքրքիր մի դիտարկում էր անում՝ ընդգծելով, որ հայկական գորգերը գնում են միայն ադրբեջանցիներն ու թուրքերը, բայց ոչ հայերը։

Թուֆենկյանը հավելեց, որ հետագայում նրանք այդ գորգերը ներկայացնում են որպես իրենց ազգային ինքնությունը հաստատող նմուշներ՝ անգամ եթե այդ գորգերի վրա կան քրիստոնեական խորհրդանիշեր։ Նրա խոսքով, իրականում թուրքական կառավարությունը վերջին 30-40 տարիներին հովանավորում է տարբեր թանգարանների՝ ներկայացնելու հայկական գորգերը որպես իրենց ինքնությունը հաստատող գորգեր, ինչպես ցեղասպանությունից հետո ոչնչացրել են հայկական մշակութային ժառանգությունը՝ վերացնելով հայկական հետքերը։

Հայաստանի պատմության թանգարանի 19-րդ դարի հայկական գորգարվեստի ցուցադրության բացման հանդիսավոր արարողության ժամանակ թանգարանի տնօրեն Դավիթ Պողոսյանն անդրադառնալով Թուֆենկյան հավաքածուի ներկայացված նմուշներին՝ շեշտեց. - «Թուֆենկյան ընկերությունը, ինչպես գիտեք, լայնածավալ գործունեություն է ծավալում։ Շուրջ երեսուն Արցախ-Սյունիքյան, Լոռվա և Արևմտյան Հայաստանի և հայկական տարբեր պատմազգագրական շրջանների տիպաբանությամբ ընտրված գորգերը՝ մի մասը արձանագիր, հատուկ փոխադրվել են ԱՄՆ-ից, թանգարանի շուրջ 400 քառակուսի մետր ցուցադրական տարածքում վերանորոգման աշխատանքների իրականացմամբ, նորարարական հայեցակարգով համադրություններով շուրջ մեկ տարի այս ցուցադրությունը բաց կլինի»։

Հայաստանի Պատմության թանգարանում բացված ցուցադրությանը, ի թիվս արվեստագետների և արվեստասերների, ներկա էր նաև ԿԳՄՍ փոխնախարար Ալֆրեդ Քոչարյանը. - «Պետությունը մշտապես կարևորում է պետական - մասնավոր համագործակցությունը, և ես հուսով եմ, որ այս մի համագործակցությամբ չի ավարտվի։ Ինչ վերաբերվում ա ընտրած ցուցադրությանը, ընտրած թեմային, ես հիշում եմ, դեռ երբ աշխատում էի զբոսաշրջիկների հետ, միշտ բոլոր խմբերը, բոլոր զբոսաշրջիկները հարցնում էին հայկական գորգերի մասին։ Այսինքն՝ իրանք արդեն գալիս էին Հայաստան՝ ճանաչելով Հայաստանը նաև որպես հայտնի գորգեր ստեղծած երկիր։ Եվ այս համատեքստում սա ոչ միայն զբոսաշրջության և այցելուների համար կարևոր նախագիծ է, այլ նաև քաղաքական առումով էլ իրա կարևորությունը չի կարելի չհասկանալ և չգիտակցել»։

Հավելենք, որ հայկական գորգարվեստը դարերի պատմություն ունի։ Այդ մասին բազմաթիվ գիտական ուսումնասիրություններ են հրապարակվել, որոնք փաստում են, որ գորգագործությունը հայկական պատմամշակութային ժառանգության կարևոր բաղադրամասերից մեկն է, որը գալիս է դեռևս նախաքրիստոնեական շրջանից։ Ուրարտական ժամանակաշրջանի կարպետների պատառիկներ հայտնաբերվել են Արթիկի շրջանում, Կարմիր Բլուրում և Անիիում, թվագրվում են մ․թ․ա․ 13- դար։ Իսկ Արենի 1 քարայրում 2007 թվականին հայտնաբերվել են նաև վաղ միջնադարյան լավ պահպանված գործվածքներ։