Արցախի պետականության համար պայքարի այս փուլում մարտի դաշտն ընդլայնվել է, հայտարարել է Արցախի Ազգային ժողովի նախագահ Դավիթ Իշխանյանը՝ անկախության հռչակագրի ընդունման օրվա առիթով հղած շնորհավորական ուղերձում:
«32 տարի առաջ հռչակվելով Արցախի Հանրապետություն մեր երկիրը կայացել է որպես հայկական պետություն՝ «հարգելով ու հետևելով Մարդու իրավունքների համընդհանուր Հռչակագրի և Տնտեսական, սոցիալական ու մշակութային իրավունքների մասին միջազգային համաձայնագրի, Քաղաքացիական, քաղաքական և մշակութային իրավունքների մասին միջազգային համաձայնագրի սկզբունքներին և ակնկալելով միջազգային հանրության ըմբռնումն ու աջակցությունը»:
32 տարիների ընթացքում Արցախը դիմագրավել է 2 լայնածավալ պատերազմ, ապրել ենք հաղթանակի բերկրանքը, ձևավորվել են պետական ինստիտուտներ, երկիրը զարգացել ու բարգավաճել է, սակայն թշնամին 2020թ-ին հրահրած պատերազմով նպատակ է դրել իսպառ վերացնել Արցախի Հանրապետությունը», - ասված է հաղորդագրությունում:
Արցախի պետականության համար պայքարի այս փուլում մարտի դաշտն ընդլայնվել է, հայտարարել է Արցախի ԱԺ նախագահն՝ ընդգծելով՝ առօրյա, կենցաղային դժվարությունները հաղթահարող մեր հայրենակցից մինչև դիրքապահը կանգնած են ճակատային դիրքերում. - «Կանգնած ենք, քանի որ բոլորիս պարտքն է՝ անարդյունք չթողնել մեր հայրերի, քույրերի, եղբայրների և զավակների թափած արյունն ու քրտինքը»:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ստեփանակերտը հորդորում է միջազգային դերակատարներին ձեռնարկել գործուն քայլեր՝ կանխելու Արցախի էթնիկ զտումը