Վրաստանի իշխող ուժը երկրի նախագահ Սոլոմե Զուրաբիշվիլիին պաշտոնազրկելու գործընթաց է սկսում։
Իմփիչմենթի պատճառը առանց կառավարության համաձայնության Զուրաբիշվիլիի այցելություններն են եվրոպական երկրներ ու հանդիպումները եվրոպացի առաջնորդների հետ։
«Վրացական երազանքի» նախագահ Իրակլի Կոբախիձեն պնդել է, որ Զուրաբիշվիլիի այցերը ապակառուցողական են և կարող են խանգարել Վրաստանին՝ Եվրամիությանը անդամակցելու թեկնածու երկրի կարգավիճակ ստանալու համար։
Կոբախիձեն ասել է, որ «Վրացական երազանքը» նախագահի իմփիչմենթի համար չնայած խորհրդարանում անհրաժեշտ 100 ձայն չունի, այդուհանդերձ կուսակցության քաղխորհրդում որոշում են ընդունել իմփիչմենթի գործընթաց սկսել։
«Առաջին հերթին դա մեր պատասխանատվությունն է Վրաստանի սահմանադրության հանդեպ։ Սահմանադրության աղաղակող խախտումների անտեսումը խարխլում է օրենքի գերակայությունը և ժողովրդավարական սահմանադրական կարգը, ինչը մենք չենք կարող թույլ տալ»,- հայտարարել է Իրակլի Կոբախիձեն։
Ըստ Վրաստանի սահմանադրության՝ նախագահը արտաքին հարաբերություններում ներկայացուցչական լիազորություններ է իրականացնում կառավարության համաձայնությամբ։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Վրաստանի իշխող ուժը երկրի նախագահին մեղադրում է Սահմանադրությունը խախտելու մեջ
Ավելի վաղ հաղորդվել էր, որ կառավարությունը հավանություն չի տվել Զուրաբիշվիլիի պլանավորած այցերին։ Չնայած դրան, նա Բեռլին էր մեկնել, որտեղ նախօրեին հանդիպել է Գերմանիայի նախագահ Ֆրանկ Վալտեր Շտայնմայերին, իսկ այսօր Բրյուսելում կայացել է նրա հանդիպումը Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ։
Սալոմե Զուրաբիշվիլին համոզված է, որ իր հանդիպումները կօգնեն Վրաստանի ինտեգրմանը Եվրամիությանը։
«Շնորհակալ եմ Ֆրանկ Վալտեր Շտայնմայերին հանդիպման համար, որով սկսվեց եվրոպական իմ շրջագայությունը՝ նպատակ ունենալով ապահովելու եվրոպական մեր ուղին։ Գերմանիայի աջակցությունը վճռորոշ նշանակություն կունենան։ Վրաստանի ժողովուրդը հավատում է եվրոպական ապագային»,- սոցցանցում գրել է Զուրաբիշվիլին։
Վրաստանի իշխող ուժը մինչ նախագաին իմփիչմենթի ենթարկու հարցը հարցը խորհրդարանում բարձրացնելը, նախ դիմելու է Սահմանադրական դատարան՝ դատարանի եզրակացությունը ստանալու համար։ Կոբախիձեն համոզմունք է հայտնել, որ Սահմանադրական դատարանը կհաստատի Զուրաբիշվիլիի կողմից Սահմանադրության խախտումը։
Խորհրդարանի խոսնակ Շալվա Պապուաշվիլին ասել է, որ Սահմանադրական դատարանի եզրակացությունից երկու շաբաթ անց Զուրաբիշվիլիին իմփիչմենթ հայտնելու հարցը քվեարկության կդրվի խորհրդարանում։
«Կարծում եմ, երբ լինի Սահմանադրական դատարանի եզրակացությունը, հաշվի առնելով հարցի պարզությունը, որ դա Սահմանադրության խախտում է, որևէ մեկի համար քաղաքական բարդ որոշում կլինի դա խախտում չհամարելը»,- ասել է խորհրդարանի խոսնակը։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Սալոմե Զուրաբիշվիլին սկսում է հանդիպումները եվրոպացի առաջնորդների հետՍակայն, իշխող ուժի ներկայացուցիչների փաստարկները Վրաստանում միանշանակ չեն ընդունում։ «Հանուն Վրաստանի» կուսակցության առաջնորդ, նախկին վարչապետ Գեորգի Գախարիան ասել է, որ չեն պաշտպանի իմփիչմենթը, նշելով, որ այն փաստացի սպառնալիքի տակ է դնում Վրաստանի եվրոպական ապագան։ Նա նշել է, որ դա գիտակցված քայլ է երկրում արմատականությունը, առճակատումն ու բևեռացումը խորացնելու ուղղությամբ, ինչը լուրջ խնդիրներ է ստեղծում պետության և հասարակության կայունացման համար»։
«Գիրչի» կուսակցության առջնորդներից Սանդրո Ռակվիաշվիլիի կարծիքով՝ իմփիչմենթի գործընթացը Սաակաշվիլիի «Ազգային միացյալ շարժմանը» լծակներ է տալիս նախագահի վրա ճնշում գործադրելու համար։ Իմփիչմենթի համար «Վրացական երազանքին» ընդդիմադիր պատգամավորների 13 ձայն է անհրաժեշտ։ «Միացյալ շարժումը» կարող է Զուրաբիշվիլիին ասել է, որ եթե նա չազատի Միխաիլ Սաակաշվիլիին, ապա կպաշտպանեն իմփիչմենթը, և նախագահը կարող է զիջումների գնալ ու ներում շնորհել Սաակաշվիլիին։
Վրաստանում կալանավորված Սաակաշվիլին, որը առողջական վատ վիճակի պատճառով հիվանդանոցում է, մեկնաբանելով Զուրաբիշվիլիին իմփիչմենթի ենթարկելու նախաձեռնությունը, ասել է, թե դա օլիգարխ Բիձինա Իվանիշվիլիի կողմից բեմադրություն է, հիմնական խնդիրներից ուշադրությունը շեղելու համար։
Սալոմե Զուրաբիշվիլին 2018 թվականին Վրաստանի նախագահ է ընտրվել իշխող «Վրացական երազանքի» ու նրա հիմնադիր Բիձինա Իվանիշվիլիի աջակցության շնորհիվ։ Նախագահի ու կառավարության հարաբերությունները սկսեցին վատթարանալ Ռուսաստանի Ուկրաինա ներխուժելուց հետո։ Զուրաբիշվիլին համարվում է եվրոպամետ գործիչ, իսկ Վրաստանի ներկայիս կառավարությունը քննադատվում է Ռուսաստանին մերձենալու քայլերի համար։
Նախագահի պաշտոնում Սալոմե Զուրաբիշվիլիի լիազորությունների ժամկետը ավարտվում է 2024 թվականի աշնանը։