Պսկովի օդանավակայանի վրա դրոններով հարձակումը ուկրաինական ուժերն իրականացրել են ՌԴ տարածքից. Բուդանով

Ուկրաինական հետախուզության ղեկավար Կիրիլ Բուդանովը The War Zone կայքին երեկ երեկոյան հայտնել է, որ նախօրեին Պսկովի օդանավակայանի վրա դրոններով հարձակումը ուկրաինական ուժերն իրականացրել են Ռուսաստանի տարածքից։

Կայքը նաև արբանյակային լուսանկարներ է հրապարակել, որոնցում երևում են հարձակման հետևանքները՝ արդեն վնասված ինքնաթիռները։

Ուշագրավ է, որ Ուկրաինան սովորաբար չի մեկնաբանում Ռուսաստանի տարածքում դրոններով հարվածները, և Ուկրաինայի առնչությունը հաստատող այսպիսի ուղիղ հայտարարություններ շատ հազվադեպ են հնչում։

Պսկովը Ուկրաինայից 800 կիլոմետր հեռավորության վրա է, և դրոններով գրոհից հետո մեծ հարց էր, թե որտեղից է կատարվել այդ հարձակումը։ Այդ հարցը ակտիվ քննարկվում էր ռուսական սոցցանցերում, հնչում էին տարբեր վարկածներ անգամ այն մասին, որ անօդաչուները հնարավոր է Բելառուսի վրայով են հասել Ռուսաստան։ Ռուսաստանի իշխանությունները պաշտոնապես որևէ հայտարարություն չեն արել, թե որտեղից կարող էր այդ գրոհն իրագործվել։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ռուսաստանը ենթարկվել է ԱԹՍ-ների ամենազանգվածային հարձակմանը պատերազմի սկզբից ի վեր


Ռուսաստանի նախագահի խոսնակ Դմիտրի ՊԵսկովին այսօր խնդրել են մեկնաբանել Պսկովի օդանավակայանի վրա Ռուսաստանի տարածքից հարձակման վերաբերյալ հայտարարությունը, ինչին ի պատասխան նա խորհուրդ է տվել այդ հարցով դիմել պաշտպանության նախարարությանը, քանի որ այդ հարցը նրանց իրավասության տակ է։

Ուկրաինա Ռուսաստանի ներխուժումից հետո ռուսական իշանությունները հայտարարել են անօդաչուներով ավելի քան 500 գրոհների մասին։ Օգոստոսի 6 -ից այդ գրոհներն ամենօրյա են։

Ի դեպ, Պսկովում այս գիշեր էլ դրոններով գրոհի ահազանգ է եղել, ինչպես նաև Կուրսկում։ Կուրսկի Կուրչատով քաղաքում գտնվում է ամենամեծ ատոմակայաններից մեկը՝ Կուրսկի ատոմակայանը, անօդաչուի հարվածներից ատոմակայանը չի տուժել, տուժել են մեկ բնակելի և մեկ ադմինիստրատիվ շենք, հայտնել է նահանգապետը։
Ինքնաթիռի տիպի անօդաչու վերացնելու մասին հայտարարել է նաև Բելգորոդի նահանգապետը։

Այսօր նաև Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինն է հայտարարել, որ հակաօդային պաշտպանությունը Լյուբերցիի մոտ գիշերը կասեցրել է դեպի Մոսկվա թռչող անօդաչուն, Մոսկվայի օդանավակայանները գիշերը դադարեցրել են չվերթները։

Ռուսաստանում օբյեկտների վրա անօդաչուների գրոհների մասին այսօր խոսել է նաև Ուկրաինայի նախագահի գլխավոր խորհրդական Միխայիլ Պոդոլյակը․ - «Խոսելով Ռուսաստանի Դաշնության տարածքում ռազմական օբյեկտների վրա հարձակումների մասին, այս ամենն արվում է պարտիզանական շարժումների կամ Ռուսաստանի տարածքում գործող գործակալական ցանցի կողմից, որոնցում ներգրավված մարդկանց թիվն աստիճանաբար ավելանում է։ Արդյո՞ք նրանք Ուկրաինայի հետ խորհրդակցում են ․․․ մենք պատերազմից հետո մանրամասն կվերլուծենք, թե մեր հատուկ ջոկատայինները որքան արդյունավետ են աշխատել այս ուղղությամբ»։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Անօդաչու թռչող սարքերով նոր հարձակումներ Մոսկվայի, Ռուսաստանի այլ շրջանների վրա


Անօդաչուների այս հաճախակի դարձած գրոհների ֆոնին ճապոնական մամուլը գրում է, որ Ռուսաստանը Կուրիլյան երկու կղզիներից դուրս է բերել հակաօդային պաշտպանության Ս-300 հրթիռային համակարգերը, որ հնարավոր է տարվել են արևմտյան հատվածներ՝ Ուկրաինայի դեմ պատերազմում օգտագործվելու համար։

Ուկրաինա ռուսական ներխուժման 555 -րդ օրը Ուկրաինայի մի քանի շրջաններում, նաև մայրաքաղաք Կիևում օդային տագնապ է միացել, հրթիռային հարձակման վտանգի պատճառով։ Ուկրաինայի հարավային Խերսոն քաղաքի վրա ռուսական հրթիռակոծության հետևանքով մեկ մարդ է զոհվել, Վիննիցայի կենտրոնական շրջանում երեք հոգի վիրավորվել է, հայտնում են ուկրաինական իշխանությունները:

Ռուսական կողմը հայտնում է, որ Դոնեցկում ուրաինական գրոհների հետևանքով ավելի քան 10 հոգի վիրավորվել է, 6- ամյա երեխա՝ մահացել։

Ուկրաինայի հակահարձակումը շարունակվում է. ըստ Պատերազմի ուսումնասիրման ամերիկյան ինստիտուտի՝ ուկրաինացիները հաջողության են հասել և առաջխաղացում ունեն ռազմաճակատի երկու հատվածներում՝ Բախմուտի մոտ և Զապորոժիեի շրջանի արևմուտքում։

Դոնեցկից արևմուտք ռուսական ուժերն են գրոհում, Լիման-Կրեմեննայա-Կուպյանսկ հատվածում թեժ մարտեր են։ Օրվա ընթացքում ռուսները այդտեղ ու նաև Ուգլեդարի և Ստարոմայորսկու մոտակայքում օդային հարվածներ են հասցրել։