«Վրացական երազանք» կուսակցությունը Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի իմփիչմենթի գործընթաց է սկսում։ Պատճառը նախագահի Եվրոպա կատարած այցերն են, որոնք համաձայնեցված չեն եղել կառավարության հետ։ Այս մասին հայտարարել է իշխող ուժի առաջնորդ Իրակլի Կոբախիձեն։
Նախագահի իմփիչմենթի համար անհրաժեշտ է խորհրդարանի 100 պատգամավորի ձայն, իշխող կուսակցությունը, սակայն, նույնքան մանդատ չունի։
«Չնայած դրան՝ կուսակցության քաղխորհրդի նիստում մենք որոշեցինք սկսել Վրաստանի նախագահի իմփիչմենթի ընթացակարգը։ Առաջին հերթին դա մեր պատասխանատվությունն է Վրաստանի Սահմանադրության նկատմամբ։ Սահմանադրության կոպտագույն խախտումների անտեսումը խարխլում է օրենքի գերակայությունը և ժողովրդավարական սահմանադրական համակարգը, ինչը մենք չենք կարող թույլ տալ», - ասել է Վրաստանի իշխող ուժի առաջնորդը։
Վրացական աղբյուրների համաձայն՝ կառավարությունը հավանություն չի տվել Զուրաբիշվիլիի արտասահմանյան այցերին, այդուհանդերձ, նախագահն աշխատանքային այցով Բեռլին էր մեկնել և հանդիպել գերմանացի պաշտոնակցի հետ, այսօր էլ Բրյուսելում նախատեսված է նրա հանդիպումը Եվրամիության խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ։
Վրաստանի Սահմանադրության համաձայն՝ երկրի նախագահը ներկայացուցչական լիազորություններն իրականացնում է կառավարության համաձայնությամբ։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Վրաստանի իշխող ուժը երկրի նախագահին մեղադրում է Սահմանադրությունը խախտելու մեջ