Ինտենսիվ կրակոցներ Սոթքի հատվածում. հայկական կողմը հաղորդում է 3 զոհի և 2 վիրավորի, ադրբեջանականը՝ 3 վիրավորի մասին (թարմացվող)

16։18

Սոթքի ուղղությամբ ադրբեջանական սադրանքի հետևանքով հայկական կողմն ունի 3 զոհ, 2 վիրավոր, հայտնում է Պաշտպանության նախարարությունը։

Զոհված զինծառայողների տվյալները, ինչպես նաև վիրավոր զինծառայողի առողջական վիճակի մասին Պաշտպանության նախարարությունը հաղորդագրություն կհրապարակի ավելի ուշ՝ զինծառայողների ընտանիքներին պատշաճ, սահմանված կարգով իրազեկելուց հետո, հայտնում է գերատեսչության խոսնակը։

15:23

Ժամը 15:15-ի դրությամբ իրադրությունն անփոփոխ է. կրակի ինտենսիվության նվազումը պահպանվում է, հաղորդում է ՊՆ-ը:

14։52

Ժամը 14:50-ի դրությամբ իրադրության էական փոփոխություն չկա, փոխանցում է Պաշտպանության նախարարությունը՝ նշելով՝ կրակի ինտենսիվության նվազումը պահպանվում է:

14։34

Ժամը 14:30-ի դրությամբ կրակի ինտենսիվության նվազումը պահպանվում է, հայտնում է Հայաստանի ռազմական գերատեսչությունը։

14:18

Ժամը 14:15-ի դրությամբ Ադրբեջանի ԶՈՒ-ի կրակի ինտենսիվությունը Սոթքի և Նորաբակի հայկական դիրքերի ուղղությամբ նվազել է, տեղեկացնում է Հայաստանի ռազմական գերատեսչությունը:

Իրադրության վերաբերյալ պաշտպանության նախարարությունը հանդես կգա լրացուցիչ հաղորդագրությամբ:

14։06

Պաշտպանության նախարարությունը տեսանյութ է հրապարակել՝ նշելով, որ հստակ երևում է, թե ինչպես է Ադրբեջանի ԶՈՒ-ն լրացուցիչ միջոցներ կենտրոնացնում Սոթքի ուղղությամբ։

Հայաստանի ռազմական գերատեսչությունը նաև հշեցնում է, որ Ադրբեջանի ՊՆ-ն հերքել էր Երևանի՝ այդ մասին հրապարակած տեղեկատվությունը:

Կից ներկայացնում ենք ՊՆ տեսանյութը․

14:00

Ժամը 13:50-ի դրությամբ իրադրության փոփոխություն չկա. Սոթքի և Նորաբակի ուղղությամբ Ադրբեջանի ԶՈՒ-ն շարունակում է կրակը հրաձգային զենքերից և ականանետից, հաղորդում է Պաշտպանության նախարարությունը:
Հայաստանի Զինված ուժերի ստորաբաժանումները ձեռնարկում են անհրաժեշտ պաշտպանական միջոցներ, ասված է հաղորդագրությունում:

13:40

Ժամը 13:30-ի դրությամբ Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները շարունակում են հրաձգային զենքերից և ականանետից կրակը Սոթքի և Նորաբակի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ, հաղորդում է Պաշտպանության նախարարությունը:

13:25

Ժամը 12:50-ի սահմաններում Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները Սոթքի ուղղությամբ կիրառել են անօդաչու թռչող սարք և ականանետ, տեղեկացնում է Հայաստանի պաշտպանության նախարարությունը:

12։58

ՀՀ ԶՈՒ համապատասխան ստորաբաժանումների մշտադիտարկման արդյունքում Սոթքի հատվածում արձանագրվում են Ադրբեջանի ԶՈՒ ռազմական տեխնիկայի, լրացուցիչ անձնակազմի կենտրոնացման միջոցառումներ, հայտնում է Հայաստանի ռազմական գերատեսչությունը:

12։44

Ժամը 12:25-ի դրությամբ Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները հրաձգային զենքերից կրակ են բացել Նորաբակի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ, հաղորդում է Պաշտպանության նախարարությունը։

Ռազմական գերատեսչությունը նշում է, որ հանդես կգա լրացուցիչ հաղորդագրությամբ:

12։35

Բաքուն Երևանին է մեղադրում սահմանային բախումների համար։

Սրելով իրավիճակը սահմանին՝ Հայաստանը փորձում է շեղել երկրում ստեղծված քաղաքական և սոցիալական լարված իրավիճակից ու մոլորեցնել միջազգային հանրությանը, ասվում է Ադրբեջանի արտգործնախարարության հայտարարության մեջ։

«Այդ գործողությունները պետք է կտրականապես մերժվեն և դատապարտվեն միջազգային հանրության կողմից։ Հայաստանի կատարած սադրանքների պատասխանատվությունն ամբողջությամբ այդ երկրի վրա է», - հայտարարում է Ադրբեջանի դիվանագիտական գերատեսչությունը։

12։18

Հայաստանի ռազմական գերատեսչությունը հերքում է ադրբեջանական տեղեկությունները, թե իբր ՀՀ ԶՈՒ-ն մեծ քանակությամբ զենք, ռազմական տեխնիկա և անձնակազմ է կենտրոնացնում Սոթքի հատվածում՝ դրանք որակելով ադրբեջանական քարոզչամեքենայի ստահոդ տեղեկություններ։

«Նման կեղծ տեղեկությունների շրջանառմամբ ադրբեջանական կողմը տեղեկատվական հիմք է ստեղծում Սոթքի ուղղությամբ այսօր առավոտյան սկսած հերթական սադրանքը շարունակելու նպատակով», - ասված է Հայաստանի պաշտպանության նախարարության հաղորդագրությունում:

11։25

Սոթքի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ ադրբեջանական կրակի ինտենսիվությունը ժամը 11:20-ի դրությամբ նվազել է, հաղորդում է Հայաստանի ռազմական գերատեսչությունը:

Իրադրության զարգացման վերաբերյալ նախարարությունը հանդես կգա հաղորդագրությամբ՝ հորդորելով չճշտված, ոչ ստույգ տեղեկություններ չհրապարակել:

11։18

Ադրբեջանի զինված ուժերի կրակի հետևանքով հայկական կողմն ունի 2 զոհ, 1 վիրավոր, հաղորդում է Պաշտպանության նախարարության մամուլի քարտուղարը:

Զոհված զինծառայողների տվյալները, ինչպես նաև վիրավոր զինծառայողի առողջական վիճակի մասին Պաշտպանության նախարարությունը հաղորդագրություն կհրապարակի ավելի ուշ:

10։30

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը պնդում է, թե հայկական Զինված ուժերի կողմից հարձակողական անօդաչու թռչող սարքի կիրառման հետևանքով ադրբեջանական բանակի երեք զինծառայող է վիրավորվել։

Ըստ «Ազերթաջ»-ի, ռազմական գերատեսչությունից փոխանցել են, թե ներկայումս նշված ուղղությամբ ադրբեջանական դիրքերի գնդակոծությունը շարունակվում է, «Ադրբեջանի բանակի ստորաբաժանումները ձեռնարկում են վճռական պատասխան գործողություններ»։

10։21

Սոթքի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ Ադրբեջանի ԶՈՒ-ն, տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից զատ, կիրառում է նաև ականանետ:

Պաշտպանության նախարարությունն իրադրության զարգացման վերաբերյալ հանդես կգա լրացուցիչ հաղորդագրությամբ:

10։15

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը, երեկ պարբերաբար ապատեղեկատվություն տարածելով ու այդպիսով հերթական սադրանքի համար տեղեկատվական հիմք ստեղծելով, սեպտեմբերի 1-ին՝ ժամը 07:50-ից սկսած, ինտենսիվ կրակ է բացել Սոթքի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ, հաղորդում է Հայաստանի պաշտպանության նախարարությունը: