Այսօր Գիտելիքի ու դպրության օրն է

Սեպտեմբերի 1-ը Գիտելիքի ու դպրության օրն է։

Այսօր ավելի քան երբևէ, կրթությունը կարևոր է, սովորելը կարևոր է, զարգանալը կարևոր է, իր շնորհավորական ուղերձում ասել է կրթության նախարար Ժաննա Անդրեասյանը՝ ընդգծելով, թեև անցել են համավարակն ու պատերազմը, արել են ավելին երեխաների կրթությունն ապահովելու համար, սակայն այժմ էլ հեշտ օրեր չեն. շատ են բարդություններն ու անորոշությունները։

«Այսօր մեր հայրենակիցները Լեռնային Ղարաբաղի հումանիտար ճգնաժամի պայմաններում զրկված են կրթական իրավունքը լիարժեք և արժանապատիվ իրացնելու հնարավորությունից, ինչը լուրջ մտահոգություններ պետք է առաջացնի միջազգային կառույցների շրջանում», - ասել է նախարարը՝ շեշտելով՝ այս սեպտեմբերին առաջին դասարանցիների մուտքը Լեռնային Ղարաբաղի դպրոցներ ոչ թե տոնականության, այլ անհանգստության, անորոշության և ահագնացող մտավախությունների միջավայրում է։

«Մեր պարտքն է ամեն կերպ աջակցել մեր հայրենակիցներին և օր առաջ վերադարձնել ուսումնական բնական գործընթացին», - ասել է նախարարը՝ նոր ուսումնական տարում մաղթելով խաղաղ պայմաններում բեղմնավոր գործունեություն, փոփոխությունների իրականացման ճանապարհին ուժ և հաստատակամություն:

Շնորհավորական ուղերձներ են հղել նար Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը, Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին երկրորդը։

«Այսօր մեր պետության ու ազգի առջև ծառացած լրջագույն հիմնախնդիրների դիմագրավմանը զուգընթաց առաջնային է հավատավոր, հայրենասեր, բանիմաց ու լուսամիտ սերունդ կերտելու առաքելությունը, քանզի, ինչպես մեծանուն պատմիչն է վկայում, «բոլոր չարիքները մարդու միտքն են մտնում տգիտությունից», - մասնավորապես, ասել է Վեհափառ Հայրապետը:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Արցախում խաթարվում է 30 հազար երեխայի կրթության իրավունքը․ ոլորտի կազմակերպությունները՝ միջազգային կառույցներին