Միացյալ Նահանգները խորապես մտահոգված է Լեռնային Ղարաբաղում վատթարացող հումանիտար իրավիճակով, հայտարարել է ԱՄՆ արտաքին գերատեսչության խոսնակ Մեթյու Միլլերը՝ հավելելով, որ դա հետևանք է արժանապատիվ գոյատևման համար անհրաժեշտ սննդի, դեղամիջոցների ու այլ ապրանքների շարունակական արգելափակման։
«Միացյալ Նահանգները վերջին շաբաթներին մշտապես աշխատել է կողմերի հետ, որպեսզի Լեռնային Ղարաբաղի ժողովրդին հումանիտար օգնությունը հասանելի դառնա», - նշել է ԱՄՆ պաշտոնյան։
Մեթյու Միլլերը վերահաստատել է Լաչինի միջանցքը անհապաղ վերաբացելու Վաշինգտոնի կոչը՝ նշելով՝ «Բաքվի պաշտոնյաները և Ստեփանակերտի ներկայացուցիչները պետք է անհապաղ հանդիպեն, համաձայնեցնելու Լեռնային Ղարաբաղում ապրող տղամարդկանց, կանանց և երեխաների համար կարևոր ապրանքների փոխադրումը, այդ թվում՝ մատակարարման լրացուցիչ ուղիներով և վերսկսեն քննարկումները բոլոր առկա խնդիրների շուրջ»։
«Պարզ հումանիտար աջակցությունը երբեք չպետք է քաղաքական տարաձայնությունների գերին դառնա», - ընդգծել է ԱՄՆ արտաքին գերատեսչության խոսնակը: