Արայիկ Հարությունյանը վաղը Ազգային ժողով կներկայացնի Արցախի նախագահի պաշտոնից հրաժարվելու իր դիմումը: Այս մասին Հարությունյանը գրել է ֆեյսբուքյան իր էջում։
Նա նշել է, որ որոշումը վերջնական է և այն կայացրել է երկու օր առաջ՝ հաշվի առնելով վերջին շաբաթների իր շփումները բոլոր ներքին ու արտաքին դերակատարների և լայն հանրության հետ:
«Սա իմ ունեցած տվյալների վերլուծության արդյունքների հիման վրա կշռադատված որոշում է՝ կայացված բացառապես իմ կողմից», - գրել է Հարությունյանը:
Օրեր առաջ Ստեփանակերտի Վերածննդիր հրապարակում հավաքված ցուցարարներին Հարությունյանն ասել էր՝ խորհրդակցության ժամանակ մինչև ուշ գիշեր քննարկվել է նաև նախագահի պաշտոնում իր մնալ- չմնալու հարցը:
«Մի քանի օր առաջ էլ եմ ուզել հրաժարական տալ», - տեղեկացրել էր Արցախի նախագահը՝ մանրամասնելով, թե հարցը կորոշվի առաջիկա օրերին, և եթե պետք է, հրաժարական կտա ու աշխարհազորի հետ միասին դիրքերում կկանգնի։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ռուբեն Վարդանյանի խոսքով՝ Արայիկ Հարությունյանն ասել է, որ հրաժարական կտա, սակայն չի արելՈ՞վ կարող է ընտրել Արցախի նախագահին
Արցախի նախագահին կարող է ընտրել խորհրդարանը․ դեռ այս տարվա հուլիսի 14-ին Արցախի Ազգային ժողովն օրենք փոփոխեց համաձայն որի, ռազմական դրության ժամանակ Ազգային ժողովն է նախագահ ընտրում՝ «մինչև գործող նախագահի լիազորությունների ավարտը նախագահի պաշտոնը թափուր մնալու դեպքում՝ ոչ շուտ, քան 7, ոչ ուշ, քան 10 օր հետո»։
Ազգային ժողովը խմբակցությունների առաջարկությամբ է ընտրում նախագահ, որը պաշտոնավարում է մինչև գործող նախագահի լիազորությունների ժամկետի ավարտը: Սա նշանակում է, որ Արայիկ Հարությունյանի հրաժարականի դեպքում խորհրդարանի ընտրած նախագահը կպաշտոնավարի մինչև 2025 թվականը։ Հարությունյանը ընտրվել է 2020 թվականի մայիսին՝ հինգ տարի ժամկետով։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Արցախի նախագահին կարող է ընտրել խորհրդարանը