Լաչինում ստեղծված իրավիճակը Մոսկվան բարդում է Հայաստանի վրա

«Կցանկանայի հիշեցնել, որ Լաչինի միջանցքում ներկայիս իրավիճակը Հայաստանի կողմից Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանի մաս ճանաչելու հետևանք է»,- օգոստոսի 30-ի ճեպազրույցում հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ անդրադառնալով Լաչինի անցակետում տեղի ունեցած վերջին միջադեպին, երբ ադրբեջանցիները ձերբակալել են հայ երիտասարդներին։

Միջադեպը տեղի է ունեցել ռուս խաղաղապահների ներկայությամբ, նրանք չեն միջամտել, չնայած տեղափոխումը համաձայնեցված էր։

Զախարովան արդարացրել է ռուս խաղաղապահներին, ասելով, թե «պատասխանատվությունը Ռուսաստանի խաղաղապահ զորակազմի վրա դնելը տեղին չէ, ճիշտ չէ ու ու անարդարացի է»։

«Երևանի կողմից Ղարաբաղը Ադրբեջանի մաս ճանաչելուց հետո ստեղծված նոր պայմաններում ռուս խաղաղապահների խնդիրն է տեղում հնարավորինս աջակցել ապահովելու Ղարաբաղի հայերի անվտանգությունն ու իրավունքները, այդ թվում՝ Բաքու- Ստեփանակերտ ուղիղ երկխոսության կոնտեքստում»,- ասել է նա։

Ուղիղ երկխոսության առումով պատասխանելով հարցին, թե «Ռուսաստանը հանդիպում է առաջարկում Ադրբեջանի տարածքում, բայց վերջին միջադեպից հետո ի՞նչ երաշխիքներ, որ հանդիպմաը մասնակցող Ղարաբաղի պաշտոնյաները չեն ձարբակալվի», Զախարովան ասել է, թե պարզապես պետք է կատարել պայմանավորվածությունները։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ռուս խաղաղապահները բանակցում են առևանգված երեք երիտասարդներին վերադարձնելու համար
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ստեփանակերտում հավաք Է անցկացվել. մասնակիցներին հանդիպել է Արցախի նախագահը

«Եվ դա էլ հենց երաշխիքն է, պատասխանը շատ պարզ է։ Եթե ինչ-որ բան պայմանավորվել է, առավել ևս ամրագրվել ստորագրություններով, առավել ևս բարձր մակարդակով, ապա անհրաժեշտ է իրականացնել, այլ ոչ թե զբաղվել տարատեսակ մեկնաբանություններով, նոր կոնստրուկտներ հորինելով, երրորդ կողմ ներգրավել, արդեն ոչ թե երրորդ, այլ հինգերորդ, տասներորդ, պետք չէ զբաղվել ինչ-որ անհեթեթ, խճճված ու անօգուտ խաղերով։ Կան պայմանավորվածություններ, դրանք պետք է կատարել, ահա և երաշխքիը։ Պայմանավորվածությունները չկատարելու հարցում հենց որ անմաքրություն է առաջանում, այդտեղ արդեն էլ ի՞նչ երաշխիք»,- ասել է նա, չհստակեցնելով՝ ինչ պայմանավորվածությունների մասին է խոսքը, չանդրադառնալով այն իրողությանը, որ բարձր մակարդակով ստորագրություններով ամրագրված պայմանավորվածությունների համաձայն՝ Լաչինի միջանցքը պետք է գտնվի ռուս խաղաղապահների վերահսկողության տակ։

Ֆրանսիայի միջնորդական ջանքերի մասին Զախարովան ասել է, որ ցանկացած միջնորդություն պետք է հաշվի առնի երկու կողմերի դիրքորոշումները։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ֆրանսիայի հումանիտար օգնությունը հասավ Հակարիի կամրջի մոտ. Բաքուն նրանց առջև էլ չբացեց միջանցքը

«Մի կողմից, մենք բազմիցս ասել ենք, որ ողջունում ենք ցանկացած նախաձեռնություն, որը չի հակասում Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների նորմալացման Ռուսաստանի պայմաններին, որոնք չեն կրկնօրինակում, առավել ևս չեն խաթարում այդ ջանքերը։ Մյուս կողմից՝ այդ ուղղությամբ Ֆրանսիայի ակտիվությունը մեզ քաջ հայտնի է։ Եվ ոչ պակաս կարևոր է, որ նման միջնորդական ջանքերի շրջանակներում պարզապես անհրաժեշտ է առաջին հերթին հաշվի առնել հակամարտության երկու կողմերի դիրքորոշումները, այսինքն՝ և՛ Հայաստանի, և՛ Ադրբեջանի։ Առանց դրա՝ իրավիճակի կարգավորման որևէ առաջնթացի վրա չարժե հույս դնել։ Դա ցանկացած միջնորդության ալֆան ու օմեգան է»,- այսօրվա բրիֆինգում ասել է Ռուսաստանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։