Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին սկսում է հանդիպումները եվրոպացի առաջնորդների հետ՝ ի պաշտպանություն Վրաստանին Եվրամիության թեկնածու երկրի կարգավիճակ տալուն:
Նախագահի աշխատակազմում հայտնել են, որ առաջին հանդիպումը նախատեսված է օգոստոսի 31-ին Բեռլինում` Գերմանիայի նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերի հետ։
Նախկինում Զուրաբիշվիլին բազմիցս քննադատել է կառավարությանը՝ նշելով, որ «երկրի արտաքին քաղաքականությունն անհասկանալի է դարձել», իսկ որոշ հայտարարություններ ու գործողություններ Վրաստանը հեռացնում են Եվրոպայից։
Եվրահանձնաժողովը ներկայումս ամբողջացնում է Վրաստանի վերաբերյալ առաջարկությունների փաթեթը, որի հիման վրա Եվրոպական խորհուրդը որոշում կկայացնի դեկտեմբերին։ Եթե Եվրամիության բոլոր 27 երկրների ղեկավարները աջակցեն, ապա Վրաստանը Եվրամիության անդամության թեկնածուի կարգավիճակ կստանա։
Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը այս շաբաթ հայտարարեց, որ Եվրամիության նոր ընդլայնման հնարավոր ժամկետը 2030 թվականն է:
Վրաստանի կառավարության վարչակազմն արդեն հայտարարություն է տարածել նախագահ Զուրաբիշվիլիի արտասահմանյան այցի վերաբերյալ, նշելով, որ կառավարությունը պաշտոնապես մերժել է նախագահի աշխատանքային այցը ոչ միայն Գերմանիա, այլև Ուկրաինա, Շվեյցարիա, Լեհաստան, Բելգիա, Դանիա, Արաբական Միացյալ Էմիրություններ, և պետական այցերը Բուլղարիա, Չեխիա, Իսրայել, որ Զուրաբիշվիլին ծրագրել էր կատարել մինչև տարվա վերջ։
«Նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիին հիշեցնում ենք, որ Վրաստանի սահմանադրության համաձայն՝ Վրաստանի նախագահն արտաքին հարաբերություններում ներկայացուցչական լիազորություններն իրականացնում է միայն Վրաստանի կառավարության համաձայնությամբ, քանի որ, համաձայն Սահմանադրության՝ երկրի արտաքին քաղաքականության իրականացումը Վրաստանի կառավարությանն է»,- ասված է հայտարարության մեջ։
Ավելի վաղ «Վրացական երազանք» կուսակցության գործադիր քարտուղար Մամուկա Մդինարաձեն հայտարարել էր, որ Զուրաբիշվիլիի այցը Եվրոպա Վրաստանի սահմանադրության խախտում է։