«Ուզում եմ հիշեցնել, որ Լաչինի միջանցքում ստեղծված իրավիճակը հետևանք է Հայաստանի կողմից Ադրբեջանի տարածքային ամբողջականության ճանաչման, դա տեղի է ունեցել Եվրոպական երկրների միջնորդությամբ երկու երկրների ղեկավարների հանդիպումների ընթացքում 2022 թվականի հոկտեմբերին և 2023 թվականի մայիսին», - ամենօրյա ճեպազրույցների ընթացքում հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարարության մամուլի խոսնակ Մարիա Զախարովան՝ պատասխանելով հարցին, թե ի՞նչ է պատրաստվում անել Ռուսաստանը Լաչինի անցակետից առևանգված երեք երիտասարդների վերաբերյալ, որ ռուս խաղաղապահների ուղեկցությամբ էին փորձում Հայաստան հասնել։
«Այդ համատեքստում ՌԴ խաղաղապահների վրա պատասխանատվություն դնելը համարում ենք անտեղի, սխալ և անարդարացի։ Իսկ խաղաղապահների առաքելությունը նոր պայմաններում, որ կրկնեմ ստեղծվել են Երևանի կողմից Ղարաբաղը Ադրբեջանի մաս ճանաչելուց հետո, տեղում Ղարաբաղի հայերի իրավունքներին և անվտանգությանը աջակցելն է, այդ թվում՝ Բաքու - Ստեփանակերտ ուղիղ երկխոսության կոնտեքստում», - հավելել է Զախարովան։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ռուս խաղաղապահները բանակցում են առևանգված երեք երիտասարդներին վերադարձնելու համարՖրանսիայի միջնորդական ջանքերի վերաբերյալ հարցին Զախարովան արձագանքել է. - «Մենք արդեն հայտարարել ենք, որ ողջունում ենք բոլոր նախաձեռնությունները, որ չեն հակասում Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների նորմալացման ռուսական ջանքերին, որ չեն կրկնում այդ ջանքերը և առավել ևս չեն խաթարում: Մյուս կողմից Ֆրանսիայի ակտիվությունը հայտնի է մեզ, բայց այս դեպքում պետք է հաշվի առնել երկու կողմի՝ և՛ Հայաստանի, և՛ Ադրբեջանի շահերը, առանց դրա որևէ արդյունք ակնկալել պետք չէ»։
Հարցին, թե Ռուսական կողմը Բաքու -Ստեփանակերտ հանդիպումն առաջարկե՞լ է անցկացնել Ադրբեջանի տարածքում, և ի՞նչ երաշխիք, որ Ադրբեջանը չի ձերբակալի Ստեփանակերտի ներկայացուցիչներին՝ խախտելով բոլոր պայմանավորվածությունները, ՌԴ ԱԳՆ խոսնակը պատասխանել է․ «Պարզապես պետք է պայմանավորվածություններն իրագործել, դա էլ հենց երաշխիքն է, շատ պարզ պատասխան է, եթե ինչ-որ բանի մասին պայմանավորվել են, առավել ևս ամրագրել ստորագրություններով, առավել ևս բարձրագույն մակարդակով, դա պետք է իրագործել, այլ ոչ թե զբաղվել տարատեսակ այլ մեկնաբանություններով, նոր կոնստրուկցիաներ հորինելով, երրորդ կողմերին ներգրավելով, արդեն նույնիսկ ոչ թե երրորդ, այլ հինգերորդ ու տասներորդ․․․ պետք չէ զբաղվել ինչ-որ անհեթեթ, խճճված ու անօգուտ խաղերով։ Կան պայմանավորվածություններ, պետք է իրագործել, դա է երաշխիքը»։
«Երբ սկսվում է անազնվությունը պայմանավորվածությունների իրագործման հարցում, այստեղ արդեն էլ ի՞նչ երաշխիք», - հայտարարել է Մարիա Զախարովան, առանց հստակեցնելու, թե ինչ պայմանավորվածություններ չկատարելու մասին է խոսքը։