Փարիզի և ֆրանսիական մի շարք խոշոր քաղաքների իշխանությունների ուղարկած հումանիտար բեռն արդեն Կոռնիձորում է։
10 բեռնատարներն այսօր առավոտյան էին շարժվել դեպի Կոռնիձոր Երևանի Հանրապետության հրապարակից։
Շարասյունն ուղեկցում է Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոն։ Ֆրանսիական պատվիրակությունը նույնպես քիչ առաջ հասավ Կոռնիձոր։
Նախքան Կոռնիձոր հասնելը Փարիզի քաղաքապետին Գորիսում դիմավորել են Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանն, Արցախի արտգործնախարար Սերգեյ Ղազարյան ու Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանը։
Անն Իդալգոն այսօր ավելի վաղ թվիթերյան իր էջում ֆրանսիական պատվիրակության հետ Հայաստանից լուսանկար էր հրապարակել՝ ուղեկցելով հետևյալ գրառմամբ․ - «Հայաստանում ենք՝ Փարիզի և այլ տեղական իշխանությունների ընտրված պաշտոնյաների հետ: Ինը ամիս է՝ Արցախի 120 հազար հայերը, որոնցից 30 հազարը՝ երեխաներ, մեկուսացված են, մատնված սովի, զրկված ամեն ինչից: Հումանիտար այդ աղետին դեմ հանդիման մենք նրանց համար հրատապ օգնություն ենք տանում: Ժամանակը հաշվված է»:
Ֆրանսիական օգնությամբ առաջին բեռնատարները Կոռնիձորում են դեռևս օգոստոսի 9-ից, որտեղ հուլիսի 26-ից սպասում է նաև Հայաստանից Լեռնային Ղարաբաղ ուղարկվող մոտ 400 տոննա հումանիտար օգնությունը․ Ադրբեջանը թույլ չի տալիս Լաչինի միջանցքով բեռների մուտքը Լեռնային Ղարաբաղ։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ «ԼՂ-ում հենց այս պահին 120 հազար մարդ իրական միջնադարյան պաշարման մեջ է»․ Միրզոյան ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Մակրոն․ Այլևս դիվանագիտության ժամանակը չէ, Ֆրանսիան պետք է պահպանի ճնշումը հումանիտար հասանելիության առումով