Մայրաքաղաքի ամենաբանուկ հատվածներից մեկում՝ Աբովյան փողոցի 29 հասցeում է գտնվում մեծանուն գրող Դերենիկ Դեմիրճյանի տուն-թանգարանը, որն արդեն 30 տարի ղեկավարում է արձակագիր, հրապարակախոս, թարգմանիչ Կարինե Ռաֆայելյանը։
Այս տարիների ընթացքում թանգարանը սիրելի ու հարազատ վայր է դարձել ոչ միայն տարբեր տարիքի այցելուների համար, այլ գրական տարբեր սերունդների ներկայացուցիչների համար։ Թանգարանում մշտապես կազմակերպվում են հանդիպումներ գրողների հետ, գրքերի քննարկումներ և շնորհանդեսներ: Վերջերս այնտեղ տեղի ունեցավ մի շատ ուշագրավ գրքի շնորհանդես։ «Փոխատեղումներ» խորագրով գրքի հեղինակը Կարինե Ռաֆայելյանն է։
«Այո, Դերենիկ Դեմիրճյանի տուն-թանգարանը Դերմիրճյանի կյանքն ու ստեղծագործությունը հaնրահռչակելուց բացի պարբերաբար անդրադառնում է ժամանակակից հայ գրողներին և ոչ միայն ժամանակից: Մենք նաև անցյալի գրողներին ենք տարբեր առիթներով անդրադառնում, բայց շատ շեշտադրված է արդի հայ գրականության նկատմամբ ուշադրությունը մեր գործունեության մեջ, որովհետև Դերենիկ Դեմիրճյանն ինքը խրախուսել է բոլոր տաղանդավոր երիտասարդներին իր ժամանակի և շատ հումորով ու նրբանկատորեն մերժել է այն գրողների առաջարկը՝ իրենց գործերը կարդալու ու կարծիք հայտնելու, որոնք տաղանդի բավարար չափաքանակ չեն ունեցել: Մենք էլ, շարունակելով ավանդույթը, այս տանը հյուրընկալու ենք իսկապես մեր ժամանակի տաղանդավոր գրողներին: Տառացիորեն 1-2 շաբաթ հետո մենք հերթական հյուրը կունենանք, Մաթևոսյան տոհմի արժանավոր շառավիղն է՝ Հրաչյա Մաթևոսյանի որդին՝ Արտակ Մաթևոսյանը, որի «Ափը ծնոտը հենելու համար է» գիրքը կլինի մեր հերթական քննարկման նյութը», - «Ազատության» հետ զրույցում ասաց Ռաֆայելյանը:
Տարիներ շարունակ կազմակերպված գրական քննարկումների ժամանակ ի թիվս այլոց իր բանախոսություններ է ներկայացրել նաև Կարինե Ռաֆայելյանը՝ գրքում ներառելով նաև իր թարգմանությունները ռուս գրականությունից և իր հարցազրույցները ժամանակի նշանավոր անձանց հետ:
Դերենիկ Դեմիրճյանի տուն-թանգարանը հիմնադրվել է 1977 թվականին՝ այն տանը, որտեղ նշանավոր գրողն ապրել է իր կյանքի շուրջ 30 տարիներին՝ սկսած 1929 թվականից։ Նրա տուն-թանգարանը հանդիսանում է Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանի մասնաճյուղերից մեկը։ Տուն - թանգարանի վարիչ Կարինե Ռաֆայելյանի խոսքով իր ղեկավարման 30 տարիները կապված են Դերենիկ Դեմիրճյանի թողած ստեղծագործական ժառանգության նորանոր բացահայտումների և ուսումնասիրությունների հետ։
«Շուտով կլինի 30 տարի, որ ես այս թանգարանի վարիչն եմ, ես էլ եմ զարմացած, որովհետև այսքան երկար չէի նախատեսել մնալ այստեղ, պարզապես Դեմիրճյանի գրականությունը, անսպառ հնարավորություն է տալիս նոր բան գտնելու, հայտնագործություններ անելու: Թող չափազանցություն չթվա բառս, որովհետև այս տարի ես ևս մեկ գիրք եմ ունենալու, շուտով լույս կտեսնի իմ երրորդ գիրքը, որը կազմել եմ ու այդ գրքում զետեղված 21 հոդվածների հեղինակն եմ, ինչպես նաև Դերենիկ Դեմիրճյանի անտիպ գործերն են վերծանվել ձեռագրից, ձեռագրերը վերծանել եմ ես, տեխնիկական կողմի վրա աշխատել ենք թանգարանի գիտաշխատող Քրիստինե Ղազարյանի հետ և նախորդ աշխատող Գայանե Եգանյանի հետ: Մենք երեքով այս գրքերին միս ու արյուն ենք տվել, հիմա այդ հատորում կներկայացվի արդի դեմիրճյանագիտությունը, ըստ որում, դեմիրճյանական գրականությունից զատ կներկայացվի նաև մասնագետների խոսքով դեմիրճյանական թատրոնը, դեմիրճյանական կինոն և մի ամբողջ բաժին ներկայացնելու է Դերենիկ Դեմիրճյանի անտիպ գործերը: Թվում է, թե 14 հատոր կա ակադեմիական և ամեն ինչ Դեմիրճյանի մասին ասված, սպառված է, բայց բոլորովին այդպես չէ, նա հրաշալի անտիպներ ունի, որ պետք է հասցնել հասարակությանը», - ներկայացրեց Ռաֆայելյանը: