Արդեն մի քանի օրից Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կմեկնի Սոչի՝ իր ռուս պաշտոնակցի Վլադիմիր Պուտինի հետ բանակցելու նպատակով։ Մի քանի օր շարունակ քաղաքական և դիվանագիտական շրջանակներում պտտվող այս լուրը երեկ երեկոյան՝ Թուրքիայի իշխող «Արդարություն և Զարգացում» կուսակցության քաղաքական խորհրդի մի քանի ժամ շարունակված նիստի ավարտին հաստատեց այս ուժի պաշտոնական ներկայացուցիչ, պատգամավոր Օմեր Չելիքը։
«Ինչպես գիտեք նախագահ Էրդողանը մոտ ապագայում կմեկնի Սոչի», - հայտարարում էր Չելիքը՝ նշելով, որ քննարկումների հիմնական թեման լինելու է 2022-ի ամռանը, Անկարայի միջնորդությամբ կնքված և այս տարվա հուլիսին, Մոսկվայի կողմից չեղարկված «Հացահատիկի սևծովյան գործարքը»։
«Մեր նախագահը դիվանագիտական ջանքեր է գործադրում, որպեսզի աշխարհը կարողանա խուսափել պարենային ճգնաժամից։ Չի բացառվում, որ Սոչիի բանակցությունների ընթացքում առաջընթաց արձանագրվի «Հացահատիկային միջանցքի» վերագործարկման հարցում», - հայտարարում էր Չելիքը։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Էրդողանը հույս ունի համոզել Պուտինին ստորագրել հացահատիկի գործարքըՀարկ է նկատել, որ Ուկրաինայում արտադրված գյուղմթերքի՝ Սև ծովով անխափան արտահանման հարցը թուրքական կողմի համար նախևառաջ քաղաքական նշանակություն ունի։ Անկարայի միջնորդությամբ ձեռք բերված այդ պայմանավորվածությունները և դրանց հիման վրա Ստամբուլում ստեղծված եռակողմ համակարգող կենտրոնը թուրքական իշխանությունները որպես իրենց երկրի տարածաշրջանային աճող քաշի վկայություն էին ընկալում։ Դա է պատճառը, որ այժմ թուրք դիվանագետները ջանք չեն խնայում գործարքն այս կամ այն տեսքով վերակենդանացնելու համար։
«Սևծովյան հացահատիկային գործարքի վերականգնումը Թուրքիայի համար առաջնահերթ խնդիր է։ Մեր նախագահն այս ուղղությամբ շարունակում է ակտիվ ջանքեր գործադրել, և առաջիկայում մենք շարունակելու ենք լուրջ քայլեր ձեռնարկել այդ նպատակին հասնելու համար։ Հուսով եմ, որ մենք ի վերջո կկարողանանք դրական արդյունք արձանագրել», - անցած շաբաթավերջին՝ Կիև կատարած այցի ընթացքում հայտարարում էր Թուրքիայի ԱԳ նախարար Հաքան Ֆիդանը։
Ուշագրավ է, ի դեպ, որ գործարքի՝ Ռուսաստանի կողմից չեղարկումից անմիջապես հետ Անկարայում խոսում էին այն մասին, որ դրա ճակատագիրը քննարկելու նպատակով օգոստոսին Թուրքիա կժամանի Ռուսաստանի նախագահը։ Հետագայում, սակայն, պարզ դարձավ, որ Վլադիմիր Պուտինը Թուրքիա մեկնելու մտադրություն չունի։ Դրանից հետո միայն՝ օգոստոսի կեսերից, սկսեցին խոսել բանակցությունների անցկացման նոր վայրի՝ Սոչիի մասին։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Էրդողան-Պուտին հանդիպումը նախատեսվում է Սոչիում, հավանական օրը՝ սեպտեմբերի 4Մամուլի հրապարակումներից դատելով՝ Պուտինն ու Էրդողանը առաջիկա բանակցությունների ընթացքում միայն Սև ծովով գյուղմթերքի արտահանման թեմայով չեն սահմանափակվի։ Մի շարք աղբյուրների վկայությամբ՝ նախագահների բանակցությունների ևս մեկ ուղղությունը կդառնան տարածաշրջանային զարգացումները։ Այլ հարց է, որ թուրքական, ռուսական և արևմտյան աղբյուրները առայժմ Սոչիի բանակցությունների տարբեր ժամկետներ են մատնանշում։
Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը երեկ, որպես առաջիկա բանակցությունների ժամկետ, գերադասեց օգտագործել «մոտ ապագա» ձևակերպումը։ Թուրքական ամենաազդեցիկ հեռուստաընկերություններից մեկի՝ Haberturk-ի տեղեկություններով Պուտին-Էրդողան բանակցությունները կայանալու են գալիք երկուշաբթի՝ սեպտեմբերի 4-ին։
Bloomberg-ը, միանգամից երկու թուրք պաշտոնյաների վկայակոչելով, պնդում է, որ Սոչիի բանակցությունները նշանակված են սեպտեմբերի 8-ին։
Թուրքական դիվանագիտությունն աշխատում է Դելիում՝ Էրդողան-Բայդեն հանդիպում կազմակերպելու ուղղությամբ. Bloomberg
Նույն աղբյուրների համաձայն՝ Սոչիից Էրդողանը միանգամից կմեկնի Հնդկաստան՝ աշխարհի առավել զարգացած քսան արդյունաբերական պետությունների ղեկավարների գագաթաժողովին մասնակցելու նպատակով։ Bloomberg-ի փոխանցմամբ՝ այժմ թուրքական դիվանագիտությունն ակտիվորեն աշխատում է Դելիում՝ Էրդողանի և Միացյալ Նահանգների նախագահ Ջոզեֆ Բայդենի հանդիպումը կազմակերպելու ուղղությամբ։
Վերլուծաբանների կարծիքով՝ եթե նման հանդիպում իրոք կայանա, դա Անկարայի և Վաշինգտոնի հարաբերությունների ջերմացման ևս մեկ վկայություն կդառնա։ Այն, որ տարիներ շարունակ որպես ճգնաժամային բնութագրվող այդ հարաբերությունները աստիճանաբար բարելավվում են, վկայում են նաև Միջերկրական ծովում ծավալվող վերջին իրադարձությունները։ Օրերս այստեղ մեկնարկել են թուրք-ամերիկյան համատեղ զորավարժությունները, որոնք, ըստ երկու երկրների պաշտոնյաների, խոշորագույնն են 2016 թվականից ի վեր։ Զորախաղերին մասնակցում է աշխարհի խոշորագույն ավիակիրը՝ ամերիկյան «Ջերալդ Ֆորդ» ռազմանավը։
«Անցած շաբաթ կայացած զորավարժությունները, ինչպես նաև դեմոկրատներից և հանրապետականներից կազմված կոնգրեսական պատվիրակության այցը Անկարա, վկայում են, որ երկու կողմերն էլ ձգտում են վերականգնել իրենց երկարամյա դաշինքը», - նշում է Bloomberg-ը։
Թուրք-ամերիկյան հարաբերությունների ջերմացման ևս մեկ ապացույցը դարձավ Էրդողանի փեսային՝ հարվածային անօդաչուներ արտադրող Baykar ընկերության ղեկավար Սելջուկ Բայրաքթարին՝ ամերիկյան ավիակիր այցելելու հրավերը, որը Թուրքիայի նախագահի մերձավոր ազգականն, իհարկե, չմերժեց՝ անցած ուրբաթ օրը մի քանի ժամ շարունակ, ամերիկացի զինվորականների ընկերակցությամբ անցկացնելով «Ջերալդ Ֆորդ» ավիակիրի վրա։