Ադրբեջանն անթաքույց կերպով ծրագրում է հավաքական պատժի ենթարկել Լեռնային Ղարաբաղի ողջ ժողովրդին. ՀՀ ԱԳՆ

Լաչինի ապօրինի տեղադրված անցակետից արցախցի երեք երիտասարդների առևանգումը նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության, ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանի որոշումների կոպտագույն խախտում է և բացահայտ արհամարհանք միջազգային հանրության, այդ թվում՝ ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի անդամների աներկբա և հասցեական կոչերին, հայտարարել է Հայաստանի արտգործնախարարությունը։

Այսօր անցակետում Ադրբեջանի իրավապահ մարմինների կողմից առևանգվել են Արցախի բնակիչներ Ալեն Սարգսյանը, Վահե Հովսեփյանը և Լևոն Գրիգորյանը։ Նրանք Հայաստան էին տեղափոխվում՝ շարունակելու իրենց ուսումը։

Պաշտոնական Երևանը նշել է, որ տեղափոխությունը նախապես համաձայնեցված էր և իրականացվում էր ռուսական խաղաղապահ ուժերի ուղեկցությամբ։ Սրան նախորդել էր Կարմիր խաչի միջազգային կոմիտեի կողմից անհապաղ բժշկական օգնություն ստանալու նպատակով Հայաստան տեղափոխվող 68-ամյա Վագիֆ Խաչատրյանի առևանգումը։

«Տարբեր կեղծ պատրվակներով տեղի ունեցած այս միջադեպերը թույլ են տալիս հիմնավոր մտավախություն ունենալ, որ Ադրբեջանն անթաքույց կերպով ծրագրում է հավաքական պատժի ենթարկել Լեռնային Ղարաբաղի ողջ ժողովրդին, որը նախորդ դարի 90-ականներին և 2020թ. ստիպված է եղել դիմակայել Ադրբեջանի կողմից սանձազերծված լայնածավալ ագրեսիաներին և պաշտպանել սեփական հայրենիքում խաղաղ կենսագործունեություն ծավալելու իր իրավունքը», - ասված է Արտգործնախարարության հայտարարության մեջ։

«Այս քաղաքականությունն ի ցույց է դնում Ադրբեջանի ղեկավարության իրական նկրտումները՝ ամեն կերպ խուսափել Լեռնային Ղարաբաղի հետ երկխոսությունից և փոխարենը շարունակել էթնիկ զտումների իր քաղաքականությունը։ Տարածաշրջանում խաղաղություն և կայունություն հաստատելուն ուղղված քայլերին աջակցելու փոխարեն ադրբեջանական կողմն ակնհայտորեն իր ողջ ջանքերը ներդրել է դրանք տապալելու ուղղությամբ:

Տեղի ունեցող զանգվածային ոճրագործության կանխարգելումը՝ հնարավոր ողջ գործիքակազմի կիրառմամբ, իրավիճակի վրա ազդեցություն ունեցող բոլոր դերակատարների և, ընդհանուր առմամբ, քաղաքակիրթ աշխարհի կողմից ստանձնած անմիջական պարտավորությունն է», - շեշտել է ՀՀ ԱԳՆ-ն:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ռուս խաղաղապահները բանակցում են առևանգված երեք երիտասարդներին վերադարձնելու համար