Իլհամ Ալիևը պատրաստվում է Ադրբեջանը դարձնել Խորհրդային Միություն կամ Հյուսիսային Կորեա՝ լռեցնելով քննադատական ցանկացած ձայն ու կարծիք, ահազանգում է երկրի ընդդիմությունը։
«Արդեն քսան տարի իշխող վարչակազմը հիմա էլ նոր քայլ է ձեռնարկել այս ուղղությամբ՝ փոփոխություններ կատարելով կուսակցությունների մասին օրենքում վարչական օրենսգրքում, որոնք մեկ նպատակ ունեն՝ ամրապնդել Ալիևի մենիշխանությունը»,- այսօր հայտարարել է Դեմոկրատական ուժերի ազգային խորհուրդը։
Օրենսդրական այդ փոփոխություններից մեկի համաձայն՝ օրինակ, ցանկացած կուսակցություն պետք է առնվազն 5000 անդամ ունենա, հակառակ դեպքում կառավարությունը իրավասու է սեփական հայեցողությամբ ու կամքով լուծարել այն։ Անկախ վերլուծաբանները զգուշացնում են՝ սա մահակ է դառնալու ընդդիմության դեմ ճնշումները սաստկացնելու համար։
Ժողճակատի առաջնորդ Ալի Քերիմլին «Ազատության» ադրբեջանական ծառայությանն ասել է՝ իրենք կառավարությունից արդեն սկսել են մտահոգիչ տեղեկություններ ստանալ։
«Մեզ զանգում ու ասում են՝ իբր մեր կուսակցության անդամների մասին տեղեկությունները սխալ են։ Փոխանակ ասեն, թե կոնկրետ ինչն է սխալ, նամակ են ուղարկում՝ պնդելով, թե ցուցակում ներառված անձանցից ոմանք Ժողովրդական ճակատի անդամ չեն։ Բայց, մենք նրանց որևէ ցուցակ չենք ներկայացրել։ Եթե կասկածում են, որ մենք 5 հազար կուսակից ունենք, կարող են տրամադրել Արդարադատության նախարարության դիմացի հրապարակը, մենք այն հեշտությամբ կլցնենք», - ասել է նա։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Բաքվում կալանավորվել է իշխանություններին քննադատող ակտիվիստներից մեկը
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ընդդիմադիր ակտիվիստների ձերբակալություններ Բաքվում
Քերիմլիի առաջարկը չի էլ քննարկվում. Բաքվում մի քանի տարի է՝ որևէ հանրահավաք չի արտոնվել, ցույցերն էլ չսկսած ավարտվում են ակտիվիստների ձերբակալությամբ։
«Իրավապահները դիմում են արտոնված ու չարտոնված ցանկացած միջոցի՝ երկրում իրական ընդդիմությունը գլխատելու համար», ասում է «Ռեալ» կուսակցության առաջնորդ Իլգար Մամադովը։ «Արդարադատության նախարարությունն ասում է՝ իրենք զանգել են մեր կուսակցության անդամներին, ու հազար մարդ իբրև թե ասել է նրանց, որ մեզ հետ կապ չունի։ Բայց հարցն այն է, որ օրենքով մարդկանց զանգել-հարցնելու դրույթ նախատեսված չէ։ Մյուս կողմից՝ հարցրել ենք մեր կուսակցության անդամներին, ասում են՝ նրանք ոչ մի զանգ էլ չեն ստացել։ Ոմանք էլ ասում են, որ ստացել են, կուսակցական անդամատոմս ներկայացրել, բայց Արդարադատության նախարարությունը կեղծել է այդ տեղեկությունը»։
Օրենսդրական փոփոխությունները նաև հսկայական՝ 17 տեսակի տույժ- տուգանք են նախատեսում քաղաքական առաջնորդների ու կուսակցությունների շարքային անդամների համար։
«Թվում է՝ Ալիևը ինչ-ինչ պատճառներով վստահ է, որ Արևմուտքը համարժեք ու սկզբունքային արձագանք չի տալու Ադրբեջանում միակուսակցական համակարգի ստեղծմանը։ Հուսով ենք՝ միջազգային հանրությունը նրան կհիասթափեցնի»,- հայտարարել է Դեմոկրատական ուժերի ազգային խորհուրդը։
Ավելի վաղ ամենախոշոր կուսակցություններից մեկը՝ Ժողովրդական ճակատը հորդորել էր Արևմուտքին պատժամիջոցներ կիրառել Իլհամ Ալիևի նկատմամբ։ Կոչը, սակայն, մնացել էր անպատասխան։ «Ազատություն քաղբանտարկյալներին շարժումը» հաշվել է՝ անցած երեք ամսում միայն Ալիևի վարչակազմն ազատազրկել է ավելի քան 30 մարդու քաղաքական հայացքների համար։ Ըստ կազմակերպության վերջին հաշվարկների՝ այժմ Ադրբեջանում առնվազն 204 քաղբանտարկյալ կա, այդ թվում՝ հայտնի տնտեսագետ Գուբադ Իբադօղլուն, որը վերջին ամիսներին սկսել էր Ալիևի ընտանիքի կոռուպցիոն գործարքներն ուսումնասիրել։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ The Washington Post-ը «անզուսպ բռնապետ» է որակում Ալիևին
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Բաքվում պնդում են գյուլենական ցանցի բացահայտման մասին
Հայտնի տնտեսագետը ավելի քան մեկ ամիս է՝ ճաղերի ետևում է կեղծ դոլարներ շրջանառելու ու ծայրահեղական հայացքներ տարածելու մեղադրանքով, որն իրավապաշտպանները շինծու են որակում։ Ի դեպ, Իբադօղլուին ազատ արձակելու Վաշինգտոնի, Բրյուսելի հորդորներից հետո անցած շաբաթավերջին Բաքուն ընդամենը թույլ է տվել, որ եղբայրը նրա հետ կես ժամով տեսակցի։ Հանդիպման ավարտին վերջինս պատմել է, որ հայտնի գիտնականին կալանավայրում կտտանքների են ենթարկում։
«Չնայած նա լուրջ առողջական խնդիրներ ունի, համարժեք բժշկական օգնություն չի ստանում, ավելին, վերակացուները գիշեր-ցերեկ Իբադօղլուի խցում պայծառ էլեկտրական լույս են միացնում, թույլ չտալով, որ նա գոնե քնի»,- ադրբեջանական «Թուրանին» ասել է գիտնականի եղբայրը։