Այսօր երեկոյան Երևանի երաժշտասերներին հրաշալի համերգ է սպասվում Անգլիական այգում, որտեղ իր նվագախմբով հանդես կգա բոսնիացի հանրահայտ երաժիշտ, երգահան Գորան Բրեգովիչը։ Այս բացօթյա համերգը Երևանում կազմակերպել է Mezzo Production ընկերությունը Areni Vineyards-ի հետ համատեղ։
Սա արդեն Գորան Բրեգովիչի 4-րդ այցն է Հայաստան, որից երեքը կազմակերպել է «Մեցցոն», իսկ նրա առաջին հյուրախաղերը կազմակերպել էր «Երևանյան հեռանկարներ» միջազգային երաժշտական փառատոնը դեռ 2010 թվականին։
Ասօր համերգից առաջ լրագրողների հետ հանդիպման ժամանակ Բրեգովիչն ընդգծեց՝ շատ ուրախ է կրկին Հայաստան այցելելու համար. - «Ես ամառային համերգ եմ տալու։ Ամառային այս օրերին յուրաքանչյուրը պիտի հաճույք ստանա։ Ես էլ եմ հաճույք ստանալու», - նշեց բոսնիացի անվանի երաժիշտը՝ հավելելով, որ շատ ուրախ համերգ է լինելու, հնչելու են թե՛ հին, թե՛ նոր ստեղծագործություններ, կհնչեն նաև Բրեգովիչի լավ ավարտով «Կարմեն» օպերայից երգեր։
Կհնչի նաև իր ծննդավայր Սարաևոյին նվիրված «Երկու նամակ Սարաևոյին» խորագրով հանրահայտ ստեղծագործությունը. - «Ձեր հանդիսատեսը սովոր է լավ երաժշտություն լսել, և շատ հաճելի է նման հանդիսատեսի համար նվագել»։
Գորան Բրեգովիչը հավելելեց, որ իր տպավորությամբ հայ հանդիսատեսը սիրում է իր երաժշտությունը, և այդ պատճառով վստահ է, որ այս անգամ էլ հրաշալի համերգ է լինելու։ Սիրում է բացօթյա համերգներ, սիրում է նաև դուդուկ, իր սիրած երաժշտական ավանդական գործիքներից մեկն է։
Այսօր երեկոյան կայանալիք համերգի ժամանակ իր խմբի հետ հանդես է գալու նաև դուդուկահար Կամո Սեյրանյանը։ Իր կապը Հայաստանի հետ սկսվել է դեռ Ազնավուրից, նրա երգերից, հետո էլ Հայաստանում կայացած իր հյուրախաղերը շատ լավ տպավորություններ են թողել։ Հայ ընկերներ դեռ չունի, բայց հույս ունի, որ անպայման կունենա։ Հայաստանը շատ է սիրում, թեև բացի Երևանից որևէ տեղ չի եղել։
«Յուրաքանչյուրն է սիրում Հայաստանը, ինքնաթիռից անգամ, երբ տեսնում ես Արարատը իբրև ֆատա-մորգանա՝ գեղեցկագույնը միրաժներից, անմիջապես սիրահարվում ես», - ասաց նա։
Վաղն էլ անմիջապես կրկին մեկնում է, բազմաթիվ հյուրախաղեր ունի Իտալիայում, Ֆրանսիայում, Գերմանիայում, Ավստրալիայում և այլուր։