Ռուս խաղաղապահներն այս պահին բանակցում են Լաչինի անցակետից այսօր առևանգված երեք երիտասարդներին վերադարձանելու համար, «Ազատությանը» հայտնեց Արցախի պետնախարարի խորհրդական Արտակ Բեգլարյանը։
«Ազատություն». - Տեղեկություն ունե՞ք, որ բացի այդ անձանցից, շատերն են հարցաքննվել, երեքին են միայն ձերբակալել։
Արտակ Բեգլարյան. - Այո, երեքից ավելի մարդ, ընդ որում առաջին անգամ չէ, հարցաքննվել են, չգիտեմ՝ հարցաքննվել կոչենք դա, թե չէ, հարցաքննվելը իրավական տերմին է, լրացուցիչ տվյալներ են ճշտել ավելի շատ քաղաքացիներից, քան երեքն են։
«Ազատություն». - Խոսքը ֆուտբոլային թիմի անդամների մասի՞ն է։
Արտակ Բեգլարյան. - Ես չեմ կարող հաստատել, որ իրենք ֆուտբոլային թիմի անդամներ են։ Իրենք երեքն էլ ուսանողներ են Հայաստանի Հանրապետության բուհերի։ Շարունակում էին (ուսումը), որքան տեղյակ եմ։
«Ազատություն». - Իսկ ռուս խաղաղապահներին Արցախի իշխանությունները դիմել են, և ի՞նչ են ասում։
Արտակ Բեգլարյան. - Իհարկե, դիմել ենք։ Բանակցում են։
«Ազատություն». - Դուք ինչպե՞ս եք գնահատում, որ ռուս խաղաղապահները թույլատրել են ընդհանրապես իրենց ուղեկցությամբ երիտասարդներին առևանգել և տանել։
Արտակ Բեգլարյան. - Դատապարտելի է բոլորիս համար և ռուս խաղաղապահների կողմից, և Կարմիր խաչի կողմից տեղափոխությունների ժամանակ մեր քաղաքացիների առևանգումը։ Բնականաբար, մեզ համար ընդունելի չէ այս տարբերակը։
Արցախի տեղեկատվական շտաբի փոխանցմամբ՝ այսօր ադրբեջանցիները Բերձորի (Լաչինի) միջանցքից մեկ քաղաքացու են առևանգել։ Ադրբեջանական լրատվամիջոցները գրում են, որ միջանցքից ձերբակալվել է երեք հոգի, ովքեր ադրբեջանական դատախազության պնդմամբ՝ 2021 թվականին «անարգել են ադրբեջանական դրոշը»։
Արցախի ՄԻՊ-ն էլ քիչ առաջ հայտնեց, որ եվս երկու հոգի՝ Վահե Հովսեփյանը և Լևոն Գրիգորյանը չեն հատել Լաչինի միջանցքում տեղակայված ադրբեջանական անցակետը, սակայն չի հաջողվում նրանց հետ կապ հաստատել։
Արտակ Բեգլարյանը աբսուրդ որակեց վերանշյալ մեղադրանքը՝ դա որակելով ադրբեջանական հերթական շոուն՝ Արցախի ժողովրդին վախեցնելու համար, որը կրկին ոտնահարում է միջազգային հանրության բոլոր նորմերը։
Արցախցի պաշտոնյան ասաց, որ ականատեսներ չունի, որը կհաստատի հարցաքննության ժամանակ երիտասարդների նկատմամբ կիրառված բռնությունը. - «Ես չունեմ, դեռևս մեր պատկան մարմիններն աշխատում են, տարաբնույթ, երբեմն իրարամերժ որոշակի տեղեկություններ են հասնում»։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ռուս խաղաղապահները բանակցում են առևանգված երեք երիտասարդներին վերադարձնելու համար