ՊՆ-ն հերքում է դիրքային առաջխաղացման փորձի մասին ադրբեջանական կողմի հաղորդագրությունը

Հայկական կողմը հերքում է Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունն այն մասին, թե իբր օգոստոսի 26-ին՝ ժամը 13:30-ի սահմաններում, Հայաստանի զինված ուժերը սահմանագոտու հարավարևմտյան ուղղությամբ փորձել են դիրքային առաջխաղացում և բարելավում իրականացնել։
Պաշտպանության նախարարությունից նշում են՝ դա բացարձակ սուտ է:

Ադրբեջանի ռազմական գերատեսչությունը, մասնավորապես, հայտարարել էր, թե հայկական զինված ուժերի ստորաբաժանումները փորձել են «շահեկան դիրքեր զբաղեցնել» Նախիջևանի ուղղությամբ, ինչը ադրբեջանական կողմը կանխել է։

«Մեր ստորաբաժանումների զգոնության արդյունքում հակառակ կողմի սադրիչ գործողություններն անհապաղ կանխվել են»,- ասվում է Ադրեջանի ռազմական գերատեսչության հաղորդագրության մեջ։

Երեկ էլ ադրբեջանական կողմը պնդել էր, թե Նախիջևանի ուղղությամբ տեղակայված ադրբեջանական դիրքերի վրայով թռիչք իրականացնող ՀՀ զինված ուժերի դրոն է հայտնաբերվել և ոչնչացվել է հրազենից արձակված կրակոցից։

Այս մեղադրանքին հայկական կողմից արձագանք չէր եղել։