Ջրային ռեսուրսների վատնումը նվազեցնելու համար կառավարությունը որոշել է, որ հաջորդ տարվանից ձկնաբուծարարները կաշխատեն փակ ցիկլով։ Իսկ սա նշանակում է, որ բնական աղբյուրից վերցված ջուրը ձկնաբուծարանին ծառայելուց հետո չի հոսի ետ՝ դեպի բնություն, այլ կմնա և ֆիլտրերի միջով անցնելուց հետո նորից կօգտագործվի։
Տասը տարուց ավելի ձկնաբուծությամբ զբաղվող Արմեն Կարապետյանն արդեն մտահոգված է այս որոշմամբ՝ պնդում է՝ փակ համակարգը շատ թանկ արժե, այն տեղադրելը հատկապես դժվար կլինի մանր ու միջին բիզնեսների համար։ Նման փորձի ականատես եղել է։
«Իրենք 12 մլրդ դրամից ավելի ներդրել են, փակ համակարգը արել են ու 10 տարվա մեջ մի դրամ փող չեն աշխատել», - «Ազատության» հետ զրույցում ասաց նա։
Թեև Կարապետյանը կողմ չէ փակ համակարգին, բայց արդեն դիմել է մի քանի ընկերությունների, որ հասկանա՝ որքան գումար կարժենա այն. - «Հայաստանում մոտավորապես 300 տոննա տարեկան արտադրողության համար, այսինքն, 25 տոննա ամիսը 10 մլն դոլար փող է պետք ներդնել։ Դա նշանակում է, որ Հայաստանում սաղ փակ ցիկլի անցնելու համար 10 մլրդ, որը աբսուրդ է»։
Վարչապետ Փաշինյանը, սակայն, վերջերս կառավարության նիստում ընդգծեց՝ որոշումը վերջնական է, քանի որ դեռ մեկուկես տարի առաջ այն կայացրել են և ժամանակ տվել ձկնաբույծներին։
«Մենք էլ ներդրումների աջակցության ծրագիր ունենք, լիզինգի ծրագիր ունենք, տեխնիկա առնում են, պետությունը աջակցում է, ներդրում անում են, պետությունը աջակցում է, այսինքն՝ ամեն ինչով աջակցում ենք, պետք է մարդիկ փոխեն վերաբերմունքը առաջին հերթին ջրի նկատմամբ», - ասել էր նա։
Գործարարը հակադարձում է՝ ներդրումներ արել է, սուբսիդիաներից օգտվել, բայց չէ՞ որ տնտեսվարողները ի վերջո վերցրած գումարը վերադարձնում են. - «Դա ընդամենը պարտքով փող է, օգնում են, պետք է վերադարձվի»։
Մինչ ձկնաբույծները դժգոհում են, ջրային ռեսուրսների մասնագետ Ստեփան Խաչատրյանը դրական է գնահատում կառավարության որոշումն ու ասում՝ սա ջրերի խնայողությանն ուղղված քայլերից մեկն է, բայց միակը չպետք է լինի։
«Ճիշտ է՝ ձկնաբուծարանների փակ ցիկլով աշխատանքը կունենա էական նշանակություն, բայց չմոռանանք, որ նաև կա գյուղատնտեսություն, որտեղ ևս պետք է խնայողաբար օգտագործել ջուրը, և որը փոքր բաժին չի կազմում», - նկատեց նա։
Ջրային ռեսուրսների մասնագետի կարծիքով՝ ջուրը խնայելու համար պետք է թարմացնել նաև ոռոգման համակարգերը, որոնք ստեղծվել են խորհրդային տարիներին ու չափազանց հին են. - «Այս պարագայում մեր ոռոգման ամբողջ համակարգը պետք է հետևի գյուղատնտեսական պահանջներին, և կատարվի ստրուկտուրային փոփոխություն»։
Գործարար Արմեն Կարապետյանի կարծիքով՝ ջրային ռեսուրսների խնդիրը ձկնաբուծարաններին այդքան էլ չի վերաբերում, քանի որ իրենք վերադարձնում են այնքան ջուր, որքան օգտագործում են. - «Մենք ջուրը հազար լիտր եթե վերցնում ենք, հազար էլ բաց ենք թողնում»։
Գնահատականներ կան նաև, որ փակ ցիկլին անցնելուց հետո ձկան գինը կթանկանա 2-3 անգամ։
«Եթե այսօր վաճառվում է Երևանում ծիածանախայտի 1 կգ-ը արժի 2000 մոտ, կարող է արժենալ 5-6 հազար, դա անմիջապես սպառողի վրա կարող է անդրադառնալ», - ասում է ձկնաբան Սամվել Պիպոյանը, հավելելով, որ ձկնաբույծը պետք է անհրաժեշտ ֆիլտրը օգտագործելու համար հավելյալ հոսանք ծախսի, ու եթե համակարգը նույնիսկ 1 ժամ չգործի, ձկների ամբողջ խմբաքականը կարող է սատկել. - «Հոսանքը բացի նրանից, որ ծախսվում է, ջուրը որ այդքան ֆիլտրով պետք է անցնի ու վերադառնա, դա մեկ անգամ չի կրկնվելու օրվա մեջ, և մի քանի անգամ դա կրկնվելով դա բավական թանկացնելու է ձկան մսի գինը»։
Պիպոյանն ընդգծում է՝ փակ ցիկլին անցնելուց հետո միևնույնն է՝ ձկնաբուծարանը կունենա առնվազն 10 տոկոս թարմ ջրի կարիք. - «Այդպիսի տեղ չկա, որ բացառապես միայն ֆիլտրվող ջրով են վերականգնվում, այսինքն՝ այսպես թե այնպես պետք է լինի վերականգնվող ջուր ոչ միայն ֆիլտրերից, այլև հորատանցքերից»։
Շրջակա միջավայրի նախարարության փոխանցմամբ՝ Հայաստանում այս պահին գործում է 230 ձկնաբուծարան, թե դրանցից քանիսն են արդեն փակ ցիկլով աշխատում, տվյալներ չունեն։
Ջրի կորուստը տարիներ շարունակ լուրջ խնդիր է համարվում՝ վերջին տվյալներով՝ խմելու ջրի կորուստը տարեկան կազմում է 70 տոկոս, ոռոգմանը՝ 20։