Ամառային հանդիպումներ պարի շուրջ. Հայաստանում «Սամմիթ» ժամանակակից պարի 3-րդ միջազգային փառատոնն է

Ամառային հանդիպումներ պարի շուրջ. Հայաստանում «Սամմիթ» ժամանակակից պարի 3-րդ միջազգային փառատոնն է այս օրերին ընթանում։ 7 օր մինչև օգոստոսի 28-ը տեղացի և օտարերկրացի արտիստները շարժման միջոցով կպատմեն իրենց պատմությունները։

Ժամանակակից պարի երրորդ միջազգային ամառային փառատոնն այս տարի Գյումրիի պետական դրամատիկական թատրոնից սկսվեց։ Կազմակերպիչների ցանկությունն է, որ ամեն տարի միջոցառումը գոնե մի մարզի մասնակից դարձնի պարային այս տոնին։ Երբ փառատոնը նոր էր ոտքի կանգնում, հայ և ռուս պարուսույցներ, համահիմնադիրներ Արման Բալմանուկյանն ու Վալերիա Կասպարովան վստահ էին՝ սա կարևոր քայլ է լինելու ժամանակակից պարարվեստում, հայկական պոտենցիալը ստվերից դուրս գալու հնարավորություն է ստանալու, և ահա այս տարի պտուղները ոչ միայն հասունացել են, այլև քաղելու ժամանակն է։

«Այս տարի, ինձ թվում է, մեզ մոտ ստացվել է ավելի տեսանելի դարձնել ժամանակակից պարը, որովհետև մեր վարպետաց դասերին ավելի շատ մասնակից են գրանցվել։ Դա արդեն ցուցանիշ է», - «Ազատությանն» ասաց Բալմանուկյանը։

Այս տարվա «Սամմիթի» շրջանակներում նոր մի գաղափար է իրականացվելու՝ փոխանակում - օտարերկրյա արտիստը հայ պարողների հետ կարճ ժամանակում ներկայացում է բեմադրում, նույնն անում է տեղացի արտիստը դրսից ժամանած հյուրերի հետ։

«Ժամանակակից պարի ընդհանրապես կարևորությունն այսօր կարևոր է, որովհետև Եվրոպայում նա արդեն հասել է նույն որակի, ինչ որ բալետը, որ հայ հանդիսատեսը տեսնի նաև՝ դրսում ինչ է կատարվում, և հույսով, որ այստեղ մի օր հարթակ կլինի, որ ժամանակակից պարը դառնա ռեպերտուարային ներկայացում», - նշեց պարուհի, պարուսույթ Լիլիթ Հակոբյանը։

Ժամանակից պարը ուղիղ կապ ունի այօսրվա իրականության հետ. Լիլիթն ասում է՝ պլաստիկ շարժումների լեզվով խոսում են և՛ սոցիալական, և՛ տնտեսական, և քաղաքական խնդիրների մասին. - «Ներկայացումը կառուցված է էսսեների վրա, որտեղ խոսում են այն փաստերի մասին, թե ինչքան սուտն ու ճիշտը ոնց են իրար փոխկապակցվում, ու ինչքան է սուտն հաճախ ավելի հաճելի լսել, քան ճշմարտությունը»։

Փառատոնի շրջանակում սկսնակ պարողների համար անվճար դասընթացներ են կազմակերպվել. Միացյալ Նահանգներից Gaspar and Dancers պարային ընկերության, Ռուսաստանի Kannon Dance թատրոնի արտիստներն իրենց փորձը երիտասարդների հետ կիսեցին։

Մակեդոնացի պարուսույց Իգոր Կիրովը, որ եվրոպական շատ երկրներում աշխատանքի մեծ փորձ ունի, մի շարք մրցանակների դափնեկիր է, դասավանդում է Մյունխենի, Բելգրադի, Տոկիոյի պարի ակադեմիաներում, ժամանակից պարի զարգացման համար կարևորում է պետական աջակցությունը, պետք է կրթել հանդիսատեսին՝ նրա առաջ թատրոնների դռները բաց պահելով։

«Երբեմն անգամ կարևոր էլ չէ՝ տոմսերը վաճառվում են, թե ոչ։ Մի օրինակ բերեմ. մի փոքր պետության կառավարության մշակույթի նախարարությունը մի մասնավոր ժամանակակից բալետի թատրոնի բոլոր տոմսերը գնել էր, ու մուտքն ազատ էր բոլորի համար։ Սա կրթելու ճանապարհն է։ Արտիստն էլ շոյված է, որովհետև պարում է լեփ-լեցուն դահլիճում։ Սա, իհարկե, միանգամից չի լինում։ Այն, ինչ այստեղ ես տեսա, վատ չէր, ամենևին վատ չէր, բայց պետք է բացվել դեպի աշխարհը», - ասաց նա։

Հայկական մոդերն բալետը դեռ աննկատ է զարգանում, բայց տարվա մեջ անգամ այս 7 օրը, ըստ ոլորտի նվիրյալների, նոր գաղափարների սկիզբ է դառնում, համագործակցույան դռներ են բացվում, ոգևորության նոր մի ալիք է բարձրանում, որը փորձում են պահել մինչև մյուս տարի։