Պուտինը ցավակցություն է հայտնել Պրիգոժինի ինքնաթիռի կործանման կապակցությամբ

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ցավակցություն է հայտնել բոլոր նրանց, ովքեր զոհվել են «Վագների» ղեկավար Եվգենի Պրիգոժինի ինքնաթիռի ավիավթարից, հաղորդում է ՏԱՍՍ-ը։

Պուտինի խոսքով՝ նախնական տվյալները վկայում են այն մասին, որ Տվերի մարզում կործանված ինքնաթիռում եղել են «Վագներ» մասնավոր ռազմական խմբավորման անդամներ։

Ռուսաստանի Օդային տրանսպորտի դաշնային գործակալությունը երեկ՝ ինքնաթիռի կործանումից կարճ ժամանակ անց, հրապարակեց օդանավի զոհերի՝ անձնակազմի երեք անդամների և յոթ ուղևորների ցուցակը։ Ցանկում Եվգենի Պրիգոժինի անունն էլ է առկա։

Փրկարարներն արդեն հայտնաբերել են օդանավի տասը զոհերի մարմինները կամ դրանց մնացորդները, որոնք ըստ Ռուսաստանի պաշտոնական աղբյուրների՝ ուղարկվել են փորձաքննության՝ զոհերի ինքնությունը պարզելու համար։

Պրիգոժինը, որի գլխավորած «Վագները» աշխարհի ամենաթեժ կետերում՝ Աֆրիկայից մինչև Սիրիա և Ուկրաինա, զինված հակամարտությունների է մասնակցել Կրեմլի հովանու ներքո, վերջին ամիսներին պարբերաբար քննադատում էր Ռուսաստանի ռազմական գերատեսչությանը անարդյունավետ քայլերի, Ուկրաինայում կրած մեծ կորուստների համար: Պրիգոժինը երկու ամիս առաջ հայտարարեց դեպի Մոսկվա տանկերով երթի մասին՝ պնդելով, թե գնում է պատժելու մեղավորներին»: Զինված խռովությունը, սակայն, ընդամենը մի քանի ժամ տևեց: Այդուհանդերձ, այդ զինված ապստամբությունը գնահատվեց որպես Պուտինի ամենամեծ մարտահրավերը երկրի կառավարման ավելի քան երկու տասնամյակի ընթացքում:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ի՞նչ է հայտնի Պրիգոժինի ենթադրյալ մահվան մասին այս պահին