Էկոյի միջոցով մայրանալ ցանկացող տասնյակ կանայք պնդում են՝ բուժումը կիսատ է մնացել ֆինանսավորման պակասի պատճառով

Արհեստական բեղմնավորման՝ էկոյի միջոցով մայրանալ ցանկացող շուրջ 70 կանայք դժգոհում են, որ անցել են նախապատրաստական որոշ փուլեր, բայց հետո, պնդում են, Պտղաբերության կենտրոնից իմացել են, որ պետական ֆինանսավորումը կասեցվել է, ու իրենց բուժումը կշարունակվի, երբ պետությունը հավելյալ գումար տրամադրի։ Սա Անուշ Մկրտչյանի պնդումն է, նա էկոյի միջոցով մայրանալ ցանկացող ֆեյսբուքյան խմբի հիմնադիրն է։

Անուշն ասաց՝ 1400 կին կա այդ խմբում, տևական ժամանակ է այդ խնդիրն այնտեղ քննարկվում է ու այդ 70 կանայք իրեն են դիմել:

«Ես գրավոր դիմում եմ ներկայացրել, որ ունենք շահառուներ Պտղաբերության կենտրոնում, ովքեր դիմել են, հաստատվել է պետպատվերով դիմումը, աղջիկներն իրենց գործընթացը սկսել են և ավարտին չեն հասցրել: Բայց քանի որ անելիքների մեջ կա վաղեմության ժամկետ, մարդիկ կան, որ անհրաժեշտ են հրատապ վիրահատություններ, այսինքն, նույնիսկ աղջիկներ կան, որ այդ ծախսերն իրենց գրպանից են հոգացել, որովհետև ֆինանսավորումը կասեցվել է», -ներկայացրեց Անուշ Մկրտչյանը:

Այս կանայք 2019-ից գործող անպտղության հաղթահարման ծրագրի շահառուներ են։ Ծրագիրը գործում է Երևանի 6 բուժկենտրոններում։ Դրանցից մեկն էլ պտղաբերության կենտրոնն է։ Մկրտչյանը պնդում է՝ եթե պտղաբերության կենտրոնում հերթագրումները շատ են, մյուս 5 կլինիկաներ կարող են դիմել այն կանայք, որոնք դեռ նախապատրաստական փուլեր չեն սկսել, բայց նրանք, ովքեր ընտրել են Պտղաբերության կենտրոնն ու արդեն որոշ պրոցեդուրաներ սկսել, չեն պատրաստվում ընդհատել բուժումը կամ շարունակել այլ կենտրոնում։

Այդպիսի կանանցից մեկն էլ՝ անանուն մնալ ցանկացող մեր զրուցակիցը, մինչև այս անվճար ծրագրից օգտվելն արդեն 3 մլն դրամ է ծախսել, բայց՝ ապարդյուն։ Որոշել են պետության անվճար ծրագրից օգտվել, պետությունը հաստատել է, հետո բժշկի ցուցմամբ էկոյի նախապատրաստող դեղեր է խմել, հասել է էկոյի բուն փուլին, որը կոչվում է «խթանում», բայց հենց այդ փուլում էլ կիսատ է մնացել բուժումը, որովհետև հիվանդանոցից այսպիսի պատասխան է ստացել:

«Ինձ տեղյակ են պահել, որ չնայած նրան, որ իմ դիմումը հաստատված է, հնարավոր չի շարունակել, քանի որ ֆինանսավորում չկա: Ես անգամ էսպիսի առաջարկ եմ արել կլինիկային, որպեսզի ժամանակ չկորցնենք, մենք պատրաստ ենք գնալ վարկով գումարը վերցնեք սկսենք այն պայմանով, որ ասում էին՝ շուտով լինելու է ֆինանսավորումը, երբ կլինի, դուք արդեն մեր գումարը կարող եք հետ վերադարձնել, դա էլ չընդունվեց», - պատմեց «Ազատության» զրուցակիցը:

Անանուն մնալ ցանկացած կինը պնդեց՝ հուլիսի կեսերին նախարարության թեժ գիծ է զանգել ու կրկին նույն պատասխանը ստացել՝ սպասեք։

Պետության կողմից անվճար իրականացվող արհեստական սերմնավորման, բեղմնավորման, փոխնակ մոր ծառայությունների շնորհիվ միայն այս տարի սպասարկվել ու բուժման տարբեր փուլերում է գտնվում 2876 կին, 301-ն արդեն արդեն հղի է, 57 երեխա ծնվել է, ընդ որում, 9-ը՝ պատերազմում զոհված զինծառայողների ընտանիքներում։ Ամսվա սկզբին էլ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը կառավարությունից լրացուցիչ 500 մլն դրամ խնդրեց այս ծրագիրը շարունակելու համար։

Հիվանդանոցները գումարի պակաս չեն ունեցել. առողջապահության փոխնախարար

Փոխնախարար Արտակ Ջումայանն «Ազատությանն» ասաց՝ գումարը նախարարությունը ստացել է, փաստաթղթերի ստորագրման փուլն է։ Պաշտոնյան ընդգծեց՝ թեև լրացուցիչ գումար են խնդրել կառավարությունից, բայց հիվանդանոցները գումարի պակաս չեն ունեցել, ավելին, այդ 6 բուժկենտրոններին հրահանգել են ոչ մի կնոջ բուժում կիսատ չթողնել:

«Մենք չենք տալիս հրաման, որ արեք էս մի փուլը, որից հետո կտանք ևս մեկ հրաման նույն մարդու համար հաջորդիվ փուլերի համար, այլ տալիս ենք հրաման և ասում ենք, որ դուք կատարեք գործողությունը՝ շարունակաբար ներկայացնելով կատարված գումարի փոխհատուցման հարցը: Գումարի հետ կապված չի կարող լինել որևիցե խնդիր, ծրագիրն ընդլայնվել է, ծրագիրը գնալու է և որևիցե տեղ ծրագիրը չի կարող ընդհատվել, դա վարչապետի հստակ ցուցումն է», - ընդգծեց Ջումայանը:

Փոխնախարարը պնդում է՝ սա ամենակայացած ծրագրերից մեկն է, որի շնորհիվ բազմաթիվ ընտանիքներում երեխաներ են ծնվել։ «Հիվանդանոցները պետք է ֆինանսական հոսքերը ճիշտ կառավարեն»,- ասաց նա։

Պտղաբերության կենտրոնի տնօրեն Էդուարդ Համբարձումյանը չբացառեց, որ գուցե կանանց այդպիսի պատասխան է տրվել կլինիկայից, բայց ընդգծեց՝ ոչ մեկը թող չտեղափոխվի այլ կլինիկա, անպայման կսպասարկեն։ Արձակուրդից նոր վերադարձած տնօրենի խոսքով՝ կլինիկան վերանորոգման կարիք ունի, որոշել էին հիվանդանոցը որոշ ժամանակով փակել, որ ավարտին հասցնեն այդ աշխատանքները։ «Գուցե սա՞ է շփոթ առաջացրել իրենց շահառուների մոտ»,- հավելեց նա:

«Այնքան խնդրանքներ շատ եղան, որ հերթերը երկարում են, հերթերը շատանում են, որ մենք կես տարի առաջ պլանավորած օգոստոսին պետք է կանգնացնեինք 15 օրով, էդ 15 օրն էլ չենք կանգնացնում միայն նրա համար, որպեսզի այս հարցերը լուծենք: Մի քիչ լարված իրավիճակ է ստեղծվել, որովհետև անսպասելիորեն շատ է հոսքը, քան մենք կենթադրեինք: Բոլորին էլ ասել ենք, որ հանկարծ գումար բառը չլինի, որովհետև եթե մենք նույնիսկ հետ ենք գցում, դա գումարի պատճառներից չի, տեխնիկապես չենք հասցնում», - ասաց Համբարձումյանը:

«Ազատության» հարցին՝ «Դուք ասում եք, որ հնարավոր չի՞ հիվանդանոցից հիվանդներին այդպես ասեն, որ գումարը սպառվել է, դրա համար ծրագիրն ընդհատվել է», Էդուարդ Համբարձումյանը պատասխանեց. - «Եթե մեկն ասել է, ուրեմն ասվել է բոլոր դեպքերում, բայց ես կպարզեմ ոնց է ասվել, ինչ պայմաններում, բայց օֆիցիալ մենք փողի խնդիր չենք ունեցել»:

Անպտղության խնդրի առաջ կանգնած կանանց համախմբած ֆեյսբուքյան խմբի հիմնադիր Անուշ Մկրտչյանն ասում է՝ առողջապահության նախարարին երկու նամակ է ուղարկել, որ հասկանան՝ ինչո՞ւ է կասեցվել ֆինանսավորումը։ Զանգահարել ու աշխատակցիներից մեկի հեռախոսահամարն են փոխանցել, երկու շաբաթ է, ասաց, չի կարողանում կապ հաստատել այդ մասնագետի հետ։ Երրորդ նամակով էլ խնդրել է, որ իր հարցերին մասնագետ պատասխանի, որպեսզի բացատրությունները փոխանցի խմբի անդամներին, այսինքն, հարցազրույց։ Նախարարի մամուլի խոսնակն ասաց՝ նախորդ երկուսը չեն ստացել, միայն երրորդն են ստացել ու մանրամասն պատասխանել են։

Ու մինչ պաշտոնապես հայտարարվում է, որ անպտղության հաղթահարման այս ծրագիրն ընդլայնվում է ու մինչև տարեվերջ ևս 750 կին կներգրավվի, Անուշ Մկրտչյանը պնդում է՝ իր հիմնադրած խմբի կանայք դեռ շարունակում են խնդիրների բախվել՝ հետազոտություններն անցել են, խթանման փուլին ընդառաջ հիվանդանոցից պատասխանել են, ֆինանսավորումը դադարեցված է, բուժումը չեն կարող շարունակել։