Անընդունելի է վերջին օրերին հանրային հարթակներում կեղծ համախմբման կոչերի քողի տակ հանդես եկող որոշ դեմքերի՝ Արցախի պետականության հիմքերի կազմաքանդմանն ուղղված քայլերը, հայտարարել է Արցախի ԱԺ նախագահ Դավիթ Իշխանյանը։
«Բոլոր այն քայլերը, որոնք միտված են սեպ խրելու և ընդհանրապես պետական կառույցների տարանջատմանն ու հակադրությանը, բացառապես թշնամանք են ստեղծում երկրի ներսում և ջուր լցնում թշնամու ջրաղացին: Վստահ եմ՝ այս ծանր օրերին ուժային և իրավապահպան կառույցների ներկայացուցիչները գիտակցում են պետականության պահպանման գինն ու կարևորությունը ու նրանց վստահված մեր անվտանգությունն ու ներքին անդորրի պահպանումը», - նշել է նա իր կոչի մեջ:
Որպես երկրի քաղաքական ղեկավարությունը ստանձնած երկրորդ դեմք՝ նա հայտարարել է, որ պատրաստ է իր բոլոր ուժերը ներդնել՝ համատեղ որոշումներ կայացնելու և այս իրավիճակից մեր հանրապետությունը նվազագույն վնասներով դուրս բերելու ուղղությամ. - «Ազգային ժողովը պատրաստ է հյուրընկալել հանրության կառուցողական միտում ունեցող տարբեր շերտերի և պատրաստակամ է լսելու բոլորի կարծիքը և այն ներկայացնելու թե´ ԱՀ նախագահին, թե´ պատկան մարմիններին»։