Վարչապետն ու Բելգիայի ԱԳ նախարարը քննարկել են Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Բելգիայի արտաքին գործերի նախարար Հաջա Լահբիբին այսօր կայացած հանդիպմանը անդրադարձել են Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում հումանիտար ճգնաժամի խորացմանը:

Վարչապետի աշխատակազմի փոխանցմամբ՝ Փաշինյանն ընդգծել է, որ Ադրբեջանի գործողությունների նպատակն է ԼՂ-ում իրականացնել էթնիկ զտում: Նա կարևորել է ԼՂ-ում ստեղծված իրավիճակի վերաբերյալ ՄԱԿ Անվտանգության խորհրդում տեղի ունեցած հրատապ քննարկումները և Ադրբեջանի քայլերի նկատմամբ միջազգային գործընկերների հասցեական արձագանքը: Վարչապետը շեշտել է գործուն քայլեր ձեռնարկելու անհրաժեշտությունը՝ Ադրբեջանի գործելաոճը փոխելու համար, ինչպես նաև կարևորել է Բրյուսելում Հայաստանի և Ադրբեջանի միջև տեղի ունեցած բանակցային գործընթացում մինչ այժմ ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման հարցում հետևողականության անհրաժեշտությունը:

Բելգիայի ԱԳ նախարարն ընդգծել է իր երկրի աջակցությունը Եվրոպական միության դիրքորոշմանը, ըստ որի՝ Ադրբեջանը պետք է ապահովի Լաչինի միջանցքով մարդկանց և բեռների ազատ տեղաշարժը և իրականացնի ՄԱԿ արդարադատության միջազգային դատարանի կողմից ընդունված որոշումը:

Վարչապետ Փաշինյանը կարևորել է տիկին Լահբիբի այցը Հայաստան և ողջունել Բելգիայի կառավարության՝ Հայաստանում դեսպանություն բացելու որոշումը, ինչը կնպաստի ոչ միայն քաղաքական, այլ նաև տնտեսական ու մշակութային ոլորտներում փոխգործակցության ընդլայնմանը:

Հաջա Լահբիբի խոսքով՝ իր այցի նպատակն է նոր լիցք հաղորդել հայ-բելգիական հարաբերություններին, այդ թվում՝ տնտեսության ու ներդրումների ոլորտում: Նա հավելել է, որ բելգիացի գործարարների շրջանակում առկա է Հայաստանոււմ ներդրումային ծրագրեր իրականացնելու և բիզնես կապերը խորացնելու մեծ հետաքրքրություն:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ «Հայ բնակչության իրավունքն ու անվտանգությունը պետք է պահպանվի, և ես Բաքվում կհիշեցնեմ այս մասին»․ Բելգիայի ԱԳ նախարար